Սեփականության իրավունքի շուրջ հաճախ ծագում են գույքային վեճեր և այդ վեճերից շատերն էլ հայտնվում են դատարանում։ Կողմերը շատ հաճախ տեղյակ չեն լինում սեփականության մասին իրավունքի կետերին կամ դրա գործածման ձևերին և, հիմնականում այդ պատճառով էլ հայտնվում են դատարանում և փորձում կիսել կամ վերաբաշխել գույքը։ Մինչև դատարան հասնելը, սակայն, խորհուրդ է տրվում գտնել իրավաբանական աջակցություն, իրավաբանի խորհուրդներին հետևելով հնարավոր է խուսափել գործի ավելի բարդ ելքից։
Այսպիսով, ի՞նչ է սեփականության իրավունքը։ Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Սեփականության իրավունքին հետևում է նաև տնօրինման իրավունքը։
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ իր հայեցողությամբ կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:
Սեփականության իրավունքի սուբյեկտները
- Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:
- Գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը քաղաքացու կամ իրավաբանական անձի, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն օրենքներով:
- Օրենքներով սահմանվում են գույքի այն տեսակները, որոնք կարող են գտնվել միայն պետության կամ համայնքների սեփականության ներքո:
- Բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:
Անշարժ գույքի սեփականության իրավունք
Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Սեփականության իրավունքը մարդու բնականոն կյանքի անբաժանելի ասպեկտներից է, որին պետք է լավագույնս տիրապետել և կիրառել, եթե արդեն իսկ հայտնվել եք անելանելի վիճակում, ապա ցանկալի է գտնել իրավաբանական ընկերություն, որը կօգնի ձեզ դուրս գալ տվյալ իրավիճակից՝ իրավաբանական ծառայություն մատուցելով։