Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում:
Երեխայի լավագույն շահերի ապահովում
Նշենք, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման և նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:
Որդեգրում իրականացվում է` ելնելով Երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:
Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձևը։
Ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Որդեգրման օրենք
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության երեխայի որդեգրման դեպքում` կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:
Հարկ է նշել, որ Երեխա ընտրելու և որդեգրելու հարցում մեծ առավելություն ունի ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացին: Կենտրոնացված հաշվառման վերցնելուց անմիջապես հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխայի տվյալները տրամադրում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել: Եթե 3 ամսվա ընթացքում երեխան չի որդեգրվում ՀՀ քաղաքացիների կողմից, երեխային ընտրելու և որդեգրելու հնարավորություն են ստանում ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները:
Կարդացեք նաև՝ Հոգաբարձության և խնամակալության օրենք