Սկզբում հասկանանք օրենքի տեսանկյունից ինչ է վիրավորանքն ու զրպարտությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն վիրավորանք է համարվում խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Այսինքն ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի արտահայտությունը վիրավորական կարող է համարվել միաժամանակ երեք պայմանների առկայության պարագայում՝
- Արտահայտությունը պետք է արատավորի անձի պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը,
- ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ,
- Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն արտահայտությունը զրպարտություն համարվելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ,
- փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
- ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը,
- ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:
Ոչ նյութական պահանջներն են հանդիսանում՝
- ներողություն խնդրելու և/կամ (վիրավորանքի դեպքում),
- հերքում հրապարակելու պահանջ և/կամ (զրպարտության դեպքում),
- կրած ոչ նյութական վնասի դիմաց` համարժեք նյութական փոխհատուցման պահանջ և/կամ։
Նյութական պահանջի դեպքում զրպարտության և/կամ վիրավորանքի հետևանքով կրած գույքային վնասի հատուցման մասին պահանջ։
Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը։
- Վիրավորանքի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում :
- Զրպարտության դեպքում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում։