Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Նշենք, որ վարձակալած գույքի օգտագործման արդյունքում վարձակալի ստացած պտուղները, արտադրանքը և եկամուտները նրա սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք):
Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է: Վարձակալության պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակիորեն սահմանել այն գույքը, որը որպես վարձակալության օբյեկտ հանձնվում է վարձակալին:
Պայմանագրում այդպիսի տվյալների բացակայության դեպքում վարձակալության օբյեկտի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված: Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը:
Սակայն նշենք, որ վարձատուներ կարող են լինել նաև գույքը վարձակալության հանձնելու համար օրենքով կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ինչ վերաբերվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրին ապա այն ենթակա է նոտարական վավերացման:
Բացի այդ հարկ է նշել, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Կարևոր է նշել, որ վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով սակայն նշենք, որ եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով:
Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում: Նշենք, որ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):
Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները: