Հայաստանի Հանրապետությունում ծնողական իրավունք հասկացությունը վերաբերում է երեխայի բարեկեցությանը և իրականացվում հաշվի առնելով նրա շահերը։ Այսինքն՝ ծնողների հիմնական հոգածության առարկան պետք է լինի իրենց երեխաների շահերի ապահովումն ու պաշտպանությունը։
Երեխայի բարեկեցությունը ծնողական իրավունքի տեսանկյունից
Ծնողական պարտավություններն ու իրավունքները կատարելու ամբողջ ընթացքում, ծնողները պիտի ապահովեն երեխայի բարեկեցությունը, նրա ֆիզիկական ու հոգեկան առողջությունը և բարոյական զարգացումը։
Հաշվի առնելով երեխայի դաստիարակության բոլոր կարևոր կողմերը, ծնողական կամ խնամակալության իրավունքներն իրականացնող անձը պետք է բացառի նրա հանդեպ քամահրական, կոպիտ ու դաժան վերաբերմունքը, այդ թվում նաև զերծ մնա մարդկային արժանապատվությունը նսեմացնող դրսևորումը, վիրավորանքը ու շահագործումը։
Ծնողների իրավունքների հավասարությունը
Ըստ Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգրքի, երեխայի դաստիարակության ու կրթության վերաբերյալ բոլոր հարցերը ծնողները պետք է լուծեն փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով նաև տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Հակառակ դեպքում, երբ ծնողները կամ նրանցից մեկը բախվում են տարաձայնությունների ու չեն ունենում փոխադարձ համաձայնություն, ապա հարցը կարող են լուծել խնամակալության ու հոգեբարձության մարմնի կամ դատարանի միջոցով։ Այս օրինաչափությունը գործում է նաև ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում առաջացած անհաշտությունները կարգավորելու համար։ Օրինակ՝ երեխայի մշտական կացության վայրը պետք է որոշեն երկու ծնողները՝ ըստ փոխադարձ համաձայնության։ Իսկ եթե բացակայում է փոխադարձ համաձայնությունը, ապա երեխայի բնակության վայրը որոշում է դատարանը՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը և նրա շահերը։
Վերջնական որոշում կայացնելու համար, դատարանը հաշվի է առնում մի քանի կարևոր գործոններ, ներառյալ՝ երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի բարոյական ու անձնական հատկանիշները, նրա տարիքը, ծնող-երեխա հարաբերությունները ու երեխայի դաստիարակության և զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունները։
Ամուսնալուծություն ու երեխայի իրավունքներ
Ծնողական իրավունքների վերաբերյալ խնդիրներ նաև առաջ են գալիս ծնողների ամուսնալուծության հետևանքով։ Նման դեպքերում, ծնողները պետք է որոշեն, թե ում հետ է բնակվելու երեխան, ով է վճարելու ապրուստավճար (ալիմենտ) և շատ այլ հարցեր՝ վերաբերող երեխայի բարեկեցությանը և նրա իրավունքների պաշտպանությանը։
Որպես ընտանեկան իրավունք, երեխան իրավունք ունի ապրելու ընտանիքում, ճանաչելու իր ծնողներին ու նրանց կողմից ստանալու դաստիարակություն։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դրանք հակասում են երեխայի շահերին և սպառնում վտանգ։
Երեխայի իրավունքները նաև ներառում են նրա շահերի ապահովությունը, համակողմանի զարգացումը և մարդկային արժանապատվությունը հարգելու ունակությունը։ Բացառություն չեն նաև երեխայի ֆիզիկական, մտավոր ու հոգևոր լիարժեք զարգացմանը նպաստող անհրաժեշտ կենսապայմանների ապահովումը։
Ծնողների ամուսնալությունից հետո, երեխան իրավունք ունի շփվելու ծնողների ու այլ ազգականների հետ և ամուսնալուծության ամբողջ ընթացակարգը չի խոչընդոտում երեխայի այս իրավունքին։
Ծնողական իրավունքների որոշումն արտադատական ընթացակարգով
Արտադատական ընթացքով ծնողական իրավունքների որոշումը վերաբերում է երեխայի բարեկեցության մասին ծնողների միջև համաձայնություններին՝ առանց դատարանի միջամտության։ Նման որոշումները հիմնականում երեխայի բնակության վայրի ու նրա խնամակալությունը ստանձնելու մասին են։
Արտադատական գործընթացում ծնողները կարող են նաև ստանալ իրավաբանական ծառայություններ՝ երեխայի բարեկեցության վերաբերյալ փոխհամաձայնված որոշումներ կայացնելու համար։ Այս ծառայությունները մասնագիտացված միջամտության տեսակ են և ծնողներին կարող են օգնել անցկացնել ավելի հաշտ ու բովանդակալից քննարկումներ, նվազեցնել լարվածության մակարդակը և ստանալ ավելի արդյունավետ արդյունքներ։
Մասնագիտացված միջամտությունը նաև ծնողներին թույլ է տալիս իրազեկված լինել սեփական իրավունքների ու պարտականությունների մասին։ Բացի այդ, մասնագիտացված իրավաբանական ծառայությունների միջոցով ծնողները կարողանում են միասին աշխատել՝ հանուն իրենց երեխաների հոգեկան հանգստության և անհոգ մանկության։
Ծնողական իրավունքների որոշումը դատական ընթացակարգով
Այս դեպքում ծնողական իրավունքները, ներառյալ իրավունքների սահմանափակումը և զրկումն անցկացվում է դատարանի միջամտությամբ։ Հարկ է նշել, որ կայացրած յուրաքանչյուր որոշում հիմնված է երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանելու վրա։ Օրինակ՝ ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի, ծնողները կամ ծնողներից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե ծնողները չարամտորեն խուսափում են կատարելուց ծնողական իրավունքները, ալիմենտ վճարելուց, կամ՝ չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, վտանգում են երեխայի բարեկեցությունը, դաժանաբար են վարվում երեխայի հետ և այլն։ Ծնողական իրավունքներից զրկելու պատճառ նաև կարող է հանդիսանալ ծնողի կամ ծնողների վնասակար սովորությունները․ ալկոհոլիզմը, թմրամոլությունը և այլն։
Ծնողական իրավունքներից զրկելու և իրավունքները վերականգնելու կարգը
Երկու դեպքերն էլ անցկացվում են դատական կարգով։ Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ ընթացակարգերը քննվում են խնամակալության ու հոգեբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։ Եթե քննության ընթացքում դատարանը գտնում է ծնողների կողմից քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին։ Իսկ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։
Իրավունքների վերականգնումը ևս մեկ լայնածավալ դատական գործընթաց է, որն իրականացվում է մի քանի հիմունքներով։ Օրինակ՝ երբ ծնողները կամ ծնողներից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձև կամ երեխայի հանդեպ նրանց վերաբերմունքը։ Կամ՝ եթե իրավունքներից զրկված ծնողը դիմում է ներկայացնում դատարան՝ իր երեխայի հանդեպ իրավունքները վերականգնելու նպատակով։ Հարկ է նշել, որ ծնողական իրավունքների վերակագնման մասին բոլոր ընթացակարգերում պարտադիր մասնակցություն են ունենում խնամակալության ու հոգաբարձության մարմինները։
Կան նաև իրավունքների վերականգնման բացառություններ, մասնավորապես, երբ երեխան որդեգրված է և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել։
Իրավաբանական ծառայությունները դատական ընթացակարգերում
Դատարանի միջամտությամբ ծնողական իրավունքների վերաբերյալ կայացվող որոշումները ենթադրում են իրավական տարբեր գործընթացներ, որտեղ, ինչպես արդեն նշվեց, պարտադիր մասնակցում են խնամակալության ու հոգաբարձության մարմինները։
Այս դեպքում ծնողները նույնպես կարող են ստանալ մասնագիտացված օգնություն՝ իրավաբանական ծառայությունների տեսքով։ Այսինքն, ծնողները կարող են դիմել իրավաբանական ընկերության և պաշտպանել իրենց ծնողական իրավունքները, ճանաչել սեփական պարտավորությունները, ինչպես նաև ստանալ մասնագիտացված խորհրդատվություն ու ուղղորդում։
Ամփոփում
Ծնողական իրավունքների վերաբերյալ որոշումները ենթադրում են հատուկ ընթացակարգեր, որոնք կարող են կրել ինչպես արտադատական այնպես էլ դատական բնույթ։ Երկու դեպքում էլ, ծնողները կարող են ստանալ մասնագիտացված օգնություն, սակայն վերջնական որոշումը կախված է գործի բարդությունից ու Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգրքում նշված համապատասխան հոդվածներից։
Այսպիսով, եթե ունեք մասնագիտացված իրավաբանական օգնության կարիք, ապա դիմեք փորձառու իրավաբանական ընկերությանը՝ գործին պատշաճ մեկնարկ տալու համար։