Հայաստանի Հանրապետությունում գործում է սպառողների իրավունքներին, դրանց պաշտպանությանն ու պահպանմանը վերաբերող օրենք։ Այն նախատեսված է սպառողների և արտադրողների միջև փոխհարաբերության արդյունավետության համար։
Տվյալ օրենքը կարգավորում է ապրանքների վաճառքի ընթացքում ծագող հարաբերությունները և հնարավոր կոնֆլիկտները։ Այն նաև վերաբերվում է վաճառված ապրանքների որակին, սպառողի շահերի պաշտպանությանը, և նրա կյանքի անվտանգությանը։
Ո՞վ է սպառողը
Սպառող կարող է հանդիսանալ ցանկացած քաղաքացի, ով ձեռք է բերում (նաև պատվիրման տարբերակով) ինչ-որ ապրանք (ծառայություն, աշխատանք, իր)՝ ինչ-որ նպատակով (անձնական կամ ընտանեկան օգտագործում)։
Սպառողի իրավունքները
Սպառողների շահերի պաշտպանության նպատակով սպառողը կարող է
- Պահանջել, որպեսզի ապրանքը օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար: Ապրանքի անվտանգության ապահովման պահանջները սպառողի կյանքի, առողջության և գույքի նկատմամբ պարտադիր են և սահմանվում են օրենքով սահմանված կարգով։
- Սպառողն իրավունք ունի ստանալ արտադրողի (ծառայություններ մատուցողի կամ վաճառողի) գործունեության մասին ստույգ տեղեկատվություն։ Սա հիմնականում աշխատանքային օրերի և ժամերի, վաճառվող ապրանքների կամ տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության մանրամասներն են։
- Սպառողի կյանքի, առողջությունն ու գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:
Գնված ապրանքի վերադարձ
Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ։
Խոսքը վերաբերում է բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Եթե վաճառողը չի սահմանել ավելի երկար ժամկետ, ապա սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում։
Տվյալ գործունեությունն իրականացվում է, ըստ ապրանքի վերադարձի մասին օրենքի, եթե վերադարձվող իրը սպառողի մոտ գտնվելու ընթացքում չի օգտագործվել, պահպանել է դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
Ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն
Ձեռք բերելով որևէ ապրանքատեսակ, սպառողը կամ ապրանքի վաճառողն (քանզի վաճառողը ձեռք բերելով գույքը արտադրողից, նույնպես համարվում է սպառող) իրավունք ունի ստանալ դրան վերաբերվող ամբողջական տեղեկատվությունը։
Տեղեկատվությունը հիմնականում ներառված է ապրանքի հետ կից տրամադրվող փաստաթղթերի մեջ։
Փաստաթղթերի մեջ պիտի/կարող է լինել հետևյալը․
- Այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները։
- Տեղեկություններ տվյալ ապրանքի հիմնական սպառողական հատկությունների մասին։ Եթե տվյալ ապրանքը սննդամթերք է, ապա այն պիտի ունենա տեղեկատվություն դրա կալորիականության, բաղադրության, կշռի, ծավալի, առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության, ինչպես նաև հիվանդությունների տեսակների դեպքում կիրառման հակացուցումների վերաբերյալ։
- Ապրանքների (ծառայությունների) արժեքը, ձեռքբերման պայմանները։
- Երաշխիքի առկայության դեպքում դրա ժամկետը։
- Ապրանքի օգտագործման կանոնները, հրահանգները, և պայմանները։
- Ապրանքատեսակը սխալ օգտագործելու, հրահանգներով չառաջնորդվելու կամ ժամկետնանց վիճակում օգտագործելու դեպքում դրա հետևանքների առաջացման վերաբերյալ տեղեկատվությունը։
- Տեղեկատվություն ապրանքների վաճառքի կանոնների վերաբերյալ։
Արտադրողի պարտավորությունները
Ցանկացած արտադրող կամ ծառայություններ մատուցող պարտավորվում է տրամադրել կյանքի համար անվտանգ, հուսալի և իհարկե որակյալ ապրանք կամ ծառայություն։ Ահա մի քանի մանրամասն օրինակներ, թե ինչ բնույթ են կրում տվյալ գործոնները, և թե ինչպես պիտի արտադրողը կամ վաճառողը ապրանքը հասցնի սպառողին։
Արտադրողը, վաճառողը կամ ծառայություն մատուցողը պիտի․
- Սպառողին տրամադրի իր կազմակերպության անվանումը, աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև գործող հասցեն։
- Ապահովի տրամադվող ծառայության կամ վաճառվող ապրանքի անվտանգությունը, համաձայն ծառայության կամ ապրանքի պիտանելիության ժամկետի սահմանների։
- Եթե չկա սահմանված ժամկետ, ապա արտադրողը կամ ծառայություն մատուցողը պարտավորվում է ապահովել ծառայության կամ ապրանքի անվտանգությունը։
Վնասի հատուցումը
Ծառայության կամ ապրանքի անվտանգությունը չապահովելու, կամ սպառողի գույքին վնաս պատճառելու դեպքում արտադրողը կամ ծառայություն մատուցողը ենթակա է հատուցման՝ համաձայն Սպառողների Իրավունքի Պաշտպանության Մասին օրենքի։
Իսկ եթե առաջացած վնասները հնարավոր չէ կանխել, ապա արտադրողը պիտի կանգնեցնի տվյալ ապրանքի արտադրությունը, իսկ ծառայություն մատուցողը կանգնեցնի ծառայության տրամադրումը։
Վեճերի կանխում
Եթե ապրանքի թերությունների պատճառով առաջացել են վեճեր, ապա վաճառողը կամ արտադրողը պիտի իր հաշվին անցկացնի ապրանքի որակի փորձաքննություն, որը պիտի անցկացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:
Իսկ սպառողն իրավունք ունի դիմել իրավաբանական խորհրդատվության և դատական կարգով վիճարկել այդ փորձաքննության եզրակացությունը:
Եթե փորձաքննության ընթացքում չապացուցվի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա վաճառողը կամ արտադրողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները։
Հատուկ պայմաններ
Եթե արտադրողի կողմից տրամադրված ապրանքն ունի օգտագործման, պահպանման, փոխադրման և այլնի համար հատուկ կանոններ, ապա վաճառողը կամ ծառայություն մատուցողը պիտի սպառողին տեղյակ պահի դրանց վերաբերյալ։
Նման դեպքերում արտադրողը ապրանքի փաստաթղթի մեջ կամ պիտակի վրա պիտի նշի տվյալ տեղեկատվությունը, իսկ վաճառողը պիտի տեղեկացնի սպառողին։
Ապրանքի վերանորոգման ընթացքը և քաշը
Նորոգման, գնիջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի կամ արտադրողի ուժերով և հաշվին:
Տվյալ պարտավորությունը չկատարելու, ինչպես նաև սպառողի գտնվելու վայրում վաճառողի բացակայության դեպքում նշված ապրանքների տեղ հասցնելը և վերադարձնելը կարող է իրականացնել սպառողը:
Այդ դեպքում վաճառողը պարտավոր է հատուցել սպառողի` նշված ապրանքները տեղ հասցնելու և վերադարձնելու հետ կապված ծախսերը:
Սպառողի և արտադրողի միջև հարաբերությունների իրավական կարգավորում
Սպառողների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով։
Հայաստանի Հանրապետությունում նաև գործում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենք, որի միջոցով կարգավորվում է սպառողական կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Իրավունքների պաշտպանությունը ՀՀ միջազգային պայմանագրով
Միջազգային պայմանագրի նորմեր են կիրառվում այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում նշված են նորմեր, որոնք սահմանված չեն սույն պայմանագրում։
Ծառայությունից օգտվելիս կամ իր գնելիս հարկավոր է լինել ուշադիր դրա պայմանագրի, կամ տեղեկատվական փաստաթղթի վերաբերյալ։
Տեղեկացված լինելը կարևոր է ցանկացած իրավիճակի համար։ Այն կանխում է ցանկացած առաջացած կամ հնարավոր վեճ և բարդություն։ Լինելով տեղեկացված ձեր իսկ իրավունքների կամ պարտականությունների վերաբերյալ, դուք կկարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ ցանկացած իրավիճակներում։