Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ֆիզիկական անձի սնանկություն գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Քաղաքացուն սնանկ ճանաչելը
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կարգավորում են սնանկության վարույթ հարուցելը, թե ով կարող է սնանկ ճանաչվել, այդ անձի պարտատերերի պահանջների բավարարման, սառեցման և դրա հետ կապված հարաբերություններն ու հարցերը:
Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության.
բ) համայնքի.
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
դ) բանկի.
ե) վարկային կազմակերպության.
զ) ներդրումային ընկերության.
զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.
է) ապահովագրական ընկերության:
Այս օրենքը սահմանում է նաև սնանկ ճանաչելու հետևանքները։
Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները
1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:
Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը
- Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում`
ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:
- Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջն ու պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 90-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։
Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայքէջում։
Եթե կատարողական վարույթը կասեցնելու որոշումը հրապարակելուց հետո ի հայտ են գալիս նոր պարտատերեր կամ արդեն հայտնի պարտատերը կամ պարտապանը դիմում են հարկադիր կատարողին կատարողական վարույթը չվերսկսելու դիմումով, ապա հարկադիր կատարողն առաջարկում է նրանց սնանկության դիմում ներկայացնել դատարան և կատարողական վարույթ չի վերսկսում։
Եթե սույն մասով սահմանված ժամկետում պարտապանի կամ պարտատիրոջ կողմից սնանկության դիմում չի ներկայացվում դատարան կամ ի հայտ չեն գալիս նոր պարտատերեր, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կատարման վարույթը։
Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից։ Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի պարտավորությունները (սույն օրենքի իմաստով՝ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորություններ):
- Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը
- Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափից:
- Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումը: