Սեփականության իրավունքի հասկացությունը և դադարման հիմքերը։
Ով կարող է հանդիսանալ սեփականության իրավունքի սուբյեկտ
Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
- Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
- Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:
- Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Որոնք են սեփականության իրավունքի դադարման հիմքերը
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`
- պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում,
- օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին,
- սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով,
- վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները,
- կատարվում է ռեկվիզիցիա,
- կատարվում է բռնագրավում,
- իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է,
- կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում։
Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
Սակայն ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը: