Քրեական իրավունքն իրավունքի հնագույն, դասական ճյուղերից է: Այն կարգավորում է հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի, նրա իրավունքների և ազատության, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը:
Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու կարգն ու պայմանները:
Քրեաիրավական հարաբերությունները ծագելու պահից պետությունն իրավունք է ստանում պատժելու հանցագործին, իսկ վերջինս՝ պարտավորվում է կրելու օրենքով սահմանված պատիժը: Միևնույն ժամանակ պետությունը պարտավորվում է հանցագործին պատժել միայն օրենքով սահմանված կարգով, իսկ հանցագործն իրավունք է ստանում պահանջելու պետությունից, որպեսզի իրեն պատժեն միայն իր կատարած հանցանքի համար և միայն օրենքին համապատասխան:
Քրեական իրավունքի հիմնարար հասկացությունը հանցագործությունն է, և առաջին հերթին քրեական իրավունքը հետաքրքրվում է, թե ինչպես կարող ենք մենք բնորոշել և ինչպես կարող ենք տարանջատել հանցագործությունը ոչ հանցավոր արարքներից: Կան բազմաթիվ մոտեցումներ, որոնք կարող ենք դասակարգել երկու խմբի: Առաջին խումբը հանցագործության բնորոշման հիմք է համարում դրա հասարակական վտանգավորությունը, այսինքն՝ հանցագործություն են համարվում բոլոր այն արարքները, որոնք ունեն հանրային կամ հասարակական վտանգավորության որոշակի աստիճան: Մյուս մոտեցման համաձայն՝ հանցագործություն են բոլոր այն արարքները, որոնք այդ պահին ունեն քրեական հակաօրինականություն, այսինքն՝ սահմանված են որպես հանցագործություն որևէ օրենքով:
ՀՀ սահմանադրության քրեական օրենսգիրքն այս երկու մոտեցումը զուգակցել է, և հանցագործություն հասկացությունը բնորոշում է այս երկու հատկանիշներով: Այսինքն՝ հանցագործություն են այն արարքները, որոնք ունեն հանրային վտանգավորություն, միաժամանակ սահմանված են, տվյալ պարագայում՝ քրեական օրենսգրքում:
Քրեական իրավունք․ խնդիրներն ու գործառույթները
Քրեական իրավունքի հիմնական խնդիրը հասարակությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելն է։ Այս հարցի տարբեր ձևակերպումները իրարից տարբերվում են մանրուքներով։ Նյու Յորքի նահանգի քրեական օրենսգիրքը սահմանում է նաև հետևյալ խնդիրները․ «բացառել այն պահվածքը, որը վնաս է պատճառում անհատական կամ հասարակական շահերին», «ապահովել հասարակական անվտանգությունը, հանցանք կատարած անձանց վերականգնումը»։ Սակայն հիմնական բովանդակությունը բոլոր դեպքերում նույնն է։ Իր խնդիրները լուծելիս քրեական իրավունքը կատարում է հետևյալ գործառույթները․
Պահպանիչ գործառույթ․ համարվում է քրեական իրավունքի կարևորագույն գործառույթը, կոչված է հասարակական կյանքի բնականոն վիճակը պահպանելուն ու կոնկրետ հանցավոր ոտնձգություններից պաշտպանելուն՝ դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելով։ Այս գործառույթն իրականացնելիս առաջանում են արգելող մեթոդն ու պահպանիչ իրավական նորմերը։
Կանխիչ գործառույթ․ իրականացվում է քրեաիրավական արգելքների համակարգ ստեղծելով, որն անձից պահանջում է դրսևորել որոշակի պասիվ վարքագիծ՝ որոշ գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու ճանապարհով։ Խրախուսում է նաև քաղաքացիներին պայքարել հանցավոր ոտնձգությունների դեմ, հանցագործներին՝ հետ կանգնել, կամովին հրաժարվել սկսած հանցագործությունից ու մինչև վերջ չհասցնլ այն։ Առանձնացնում են ընդհանուր և հատուկ կանխումը։
Դաստիարակիչ գործառույթ․ կոչված է հասարակության մոտ հարգանք ձևավորելուն քրեական իրավունքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների նկատմամբ։ Քրեական իրավունքի ներգործությանը ենթարկվող անձանց կարելի է բաժանել երեք խմբի․ առաջին խմբի համար քրեաիրավական արգելքն առաջնային չէ, քանի որ հանցագործություն կատարելը հակասում է նրանց աշխարհայացքին։ Երկրորդ խումբը հանցանք չի գործում պատժից վախենալու պատճառով, երրորդ խումբը գնում է հանցավոր արարքների կատարմանը։ Դաստիարակիչ գործառույթն ուղղված է բոլոր քաղաքացիների մոտ իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։ Դաստիարակչական գործառույթի կարևորությունն այն է, որ քրեաիրավական նորմերի գործողության արդյունավետությունը կախված է հասարակության իրավագիտակցության մակարդակից։ Եթե հասարակությունը բացասաբար է վերաբերում օրենքին ու կարգավորումներին ու դրանք համարում է պետության կողմից իրենց վրա ճնշում գործադրելու ձև, այդ դեպքում ոչ մի խիստ պատիժ չի փոխի իրավիճակը։
Այս գործառույթներից որևէ մեկին առավելություն տալու հարցը շատ վիճելի է։ Կարելի է եզրակացություն անել, որ դրանք բոլորն էլ կարևոր են համարվում։
Ի՞նչ է հանցագործությունը
Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:
Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Հանցագործության տեսակները
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:
Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Պատժի տեսակները
Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Պատժի տեսակներն են՝
1) տուգանքը.
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
3) հանրային աշխատանքները.
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
5) գույքի բռնագրավումը.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-119-Ն)
7) կալանքը.
8) կարգապահական գումարտակում պահելը.
9) ազատազրկումը որոշակի ժամկետով.
10) ցմահ ազատազրկումը: