Պարտքով գումար հանձնելու կամ ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
Ինչ է փոխառության պայմանագիրը
Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Ինչ ձևով է կնքվում փոխառության պայմանագիրը
Ըստ օրենքի փոխառության պայմանագիրը կնքվում է հասարակ գրավոր ձևով ինչն իրենից ենթադրում է, որ այս պայմանագիրը նոտարարական վավերացում չի պահանջում։
Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
Փոխառության պայմանագրի կնքման մտադրություն ունենալու դեպքում կողմերը քննարկում են նաև փոխատուի կողմից տոկոսներ ստանալը կամ ոչ։ Օրենքը երկու դեպքում էլ թույլատրում է կնքել պայմանագիրը։ Պայմանագրում պետք է հստակ կետով նշված լինի փոխառության պայմանագրում տոկոսների առկայությունը կամ դրանց բացակայությունը։
Ըստ օրենքի փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը 12 տոկոս է, հետևաբար առավելագույն չափը կարող է կազմել 24 տոկոս։
Եթե փոխառուն պայմանագրով սահմանված չի կատարում իր պարտավորությունը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղ օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:
Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:
3. Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
Փոխառության պայմանագրի վիճարկումը
Ըստ օրենքի փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
Նաև կարևոր է նշել, որ ըստ օրենքի փոխառուի կողմից փոխառության պայմանագրի վիճարկման պարագայում վկաների ցուցմունքները չեն կարող համարվել ապացույց, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով: