Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը:
Նշենք, որ Փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է և փաստաբանի հիմնական նպատակը վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալն է:
Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։
Բացի այդ փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանք չհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։
Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է, այսինքն` վստահորդը փաստաբանին հայտնում է այնպիսի տեղեկություններ, որոնք նա չի փոխանցի ուրիշների, և փաստաբանը պետք է այդ տեղեկատվության տիրապետողը լինի գաղտնիության հիմքի վրա։
Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի կողմից տրված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
Գաղտնիության անորոշակիության դեպքում վստահություն լինել չի կարող։ Հետևաբար` գաղտնիությունը փաստաբանի առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է։ Փաստաբանի պարտականությունը գաղտնիության վերաբերյալ ծառայում է արդարադատության իրականացմանը և վստահորդի շահերին։
Նշենք, որ փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում։
Փաստաբանը պետք է շարունակաբար կատարելագործի իր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունը, ինչպես նաև հետևի օրենսդրության փոփոխություններին:
Կարևոր է նշել, որ փաստաբանն իր մասնագիտական պարտավորությունների բարեխիղճ և որակյալ կատարումից բացի, այլ երաշխավորություն չի կարող տալ, մասնավորապես չի կարող երաշխավորել հանձնարարության կատարման արդյունքը՝ անկախ արդյունքի կանխատեսելիությունից, երբ այդ արդյունքը կախված է դատավորի կամ վարույթն իրականացնող մարմնի որոշումից:
Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաև քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում: