Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Նվիրատվության պայմանագիրը պարտադիր պետք է կնքվի գրավոր, իսկ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման։
Անշարժ գույքի նվիրատվության պարագայում պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման։
Սակայն կա նվիրատվության պայմանագիր կնքելու որոշակի արգելքներ՝ սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
Արգելվում է`
- մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
- պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
- առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
- օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:
Առկա են սահմանափակումներ նվիրատվության ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ՝ վերջինս թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ։
Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի համաձայնությունը չի պահանջվում։
Ի տարբերություն նվիրատվության նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով:
Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով: