Մտավոր սեփականություն - օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք ամենալայն իմաստով վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեության արդյունքներին, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։
Մտավոր սեփականությունը ընդունված է բաժանել երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականության և հեղինակային իրավունքի։
Արդյունաբերական սեփականություն ասելով հիմնականում հասկանում են գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և դրանց հավասարեցված՝ սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, ծագման նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։
Հեղինակային իրավունքը հիմնականում գործում է գրական, երաժշտական, արվեստի, լուսանկարչական և տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ, որը որոշակի ժամանակահատվածում որոշակի իրավունքներ է վերապահում դրանց հեղինակներին՝ թույլատրելու կամ արգելելու իրենց ստեղծագործության այս կամ այն ձևի օգտագործումը։
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է անհրաժեշտ պաշտպանել մտավոր սեփականությունը