Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) մայրության.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հարկ է նշել, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:
Կարևոր է նշել, որ վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է ‹‹Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների›› մասին օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Նշենք, որ այն պարագայում երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։
Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուներից մեկի մոտ ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Այն պարագայում երբ վերոշարադրյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: