Տարբեր իրավահարաբերություններում այլ անձի անունից հանդես գալու համար ներկայացուցիչը պետք է ունենա իրավունքների և պարտականությունների հստակ սահմաններ: Իսկ դրանք լավագույնս ձևակերպվում են գրավոր ձևով և ամրագրվում լիազորագրում:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Սակայն կան գործարքներ որոնց կնքման համար լիազորագրի հասարակ գրավոր ձևի պահպանումը բավարար չի կարող համարվել, այն վավեր ճանաչելու համար:
Դրանք այն գործարքներն են, որոնց կնքման համար անհրաժեշտ է վավերացում նոտարական կարգով ՝ և այդ գործարքները կնքելու համար տրված լիազորագրերը պետք է վավերացվեն նույն նոտարական կարգով:
Նշենք, որ լիազորագրերը տրվում են որոշակի ժամկետով, որի տևողությունը սահմանվում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով: Համաձայն ՀՀ Քաղաքացիական Օրենգրքի լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:Հարկ է ընդգծել, որ լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար: Ինչ վերաբերվում է լիազորագրի ձևին ապա նշենք, որ լիազորագրում հստակ պետք է նշվեն լիազորող անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները ինչպես նաև հաշվառման և բնակության հասցեները: Նույնը վերաբերվում է նաև լիազորված անձին:
Լիազորագրում շարադրվում է նաև այն լիազորությունների շրջանակը, որոնք լիազորողը տալիս է լիազորվածին, ինչպես նաև լիազորագրի ժամկետի հետ կապված հարցերը: