Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը քաղաքացիական օրենքին համապատասխան՝ սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Ընկերության ստեղծում․ Կորպորատիվ իրավունք
Ընկերությունը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից: Այն կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում, ինչի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն Ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն:
Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը` միանձնյա:
Օրենքի գործունեության ոլորտը
- Այս օրենքի մասին գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ ստեղծվող բաժնետիրական ընկերությունների վրա:
- Օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով «Ներդրումային ֆոնդերի մասին» այլ կարգավորում նախատեսված չէ:
- Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Սակայն որոշ դեպքերում սույն օրենքը կարող է չգործել․ Ահա մի քանի օրինակ՝
- Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային, ապահովագրական և այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգի և իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով և իրավական ակտերով:
- Մասնավորեցման նպատակով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման, ընկերությունների ստեղծման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
Ի՞նչ է բաժնետիրական ընկերությունը
Բաժնետիրական ընկերություն է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
- Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Ընկերությունը կարող է ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
- Ընկերությունը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Այն ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
- Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:
- Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաև Ընկերության ֆիրմային անվանումն այլ լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:
- Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
Ընկերության և այլ անձանց պատասխանատվություններն ըստ Օրենքի
Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Սակայն Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր բաժնետերերի պարտավորությունների համար:
Ընկերության գործունեության հետ կապված ռիսկերը բաժնետոմսերը կրում են իրենց պատկանող բաժնետոմսերի սահմաններում։
Եթե տվյալ ընկերության սնանկության պատճառ է հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործունեությունը (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններ, ապա Ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում այդ բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար:
Ընկերության անվճարունակության կամ սնանկության պատճառ են հանդիսանում վերոնշյալ բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները, միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործել են իրենց այդ իրավունքը կամ հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:
Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում Հայաստանի Հանրապետությունը և համայնքները։ Ընկերությունն էլ իր հերթին՝ չի կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար։
Ընկերության անվանումը և գտնվելու վայրը
Ըստ Բաժնետիրական ընկերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Ընկերությունը պիտի ունենա հայերեն ֆիրմային անվանում, որը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:
Ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև Ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Ընկերությունը կամ նրա հիմնադիրները համարում են անհրաժեշտ:
Եվս մի քանի կարևոր կետ՝ վերաբերող գտնվելու վայրին և անվանմանը
- Ընկերությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը և (կամ) դրա հապավումը նաև այլ լեզուներով:
- Ընկերության ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման և իրավական պաշտպանության կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
- Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է Ընկերության պետական գրանցումը:
- Ընկերությունը կարող է ունենալ փոստային հասցե, որով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերության փոստային հասցեով կամ գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:
Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցիչները
Ընկերության ներկայացուցչություն է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է Ընկերության շահերն ու իրականացնում դրանց պաշտպանությունը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան սահմանված չէ, ապա օտարերկրյա պետություններում Ընկերության առանձնացված ստորաբաժանումների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։ Սակայն ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:
Ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Իսկ դրանք ստեղծած Ընկերությունը պատասխանատվություն է կրում մասնաճյուղերի և ներկայացուցիչների գործունեության համար։
Ընկերության հիմնարկները
Ընկերության հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերության ստեղծած կազմակերպությունը: Իսկ Ընկերությունն իրավունք ունի օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել հիմնարկներ:
Ընկերության հիմնարկների հիմնադրման մասին որոշումներն ընդունում է խորհուրդը: Ընկերության հիմնարկը համարվում է հիմնադրված համապատասխան որոշման ընդունման պահից։
Ընկերության ստեղծման և հիմնադրման հարցում առաջնային է գրագետ և տեղեկացված մոտեցումը։ Իրավաբանական խորհրդատվության համար կարող եք դիմել Legitimus իրավաբանական ընկերությանը, որտեղ փորձառու մասնագետները կառաջնորդեն Ձեզ ընկերության հիմնադրման, և իհարկե պահպանման հարցում։