Հոդված 306. Կեղծ և շինծու գործարքների անվավերությունը
Կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Կեղծ և շինծու գործարքները ֆիկտիվ գործարքներ են, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված են որպես առոչինչ գործարքներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով տրված բնորոշման համաձայն` կեղծ գործարքն առերևույթ գործարք է, որը կնքվում է առանց տվյալ գործարքից բխող իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, իսկ շինծու գործարքը կնքվում է մեկ այլ գործարքի քողարկման նպատակով: Այս երկու գործարքների որոշիչ տարբերությունն արտահայտվում է նրանում, որ, եթե կեղծ գործարքի դեպքում կողմերն առհասարակ մտադրություն չունեն միմյանց միջև հարաբերություններում առաջացնելու իրավական հետևանքներ, ապա շինծու գործարքի դեպքում՝ կողմերի նպատակն այլ է: Վերջիններս նպատակ ունեն միմյանց միջև առաջացնելու որոշակի իրավահարաբերություններ, որոնք տարբերվում են իրենց միջև կնքված շինծու գործարքից բխող իրավահարաբերություններից: