Մտավոր սեփականությունը պաշտպանելը միշտ եղել ու կլինի անհրաժեշտ, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր պահպանել քաղաքակիրթ հասարակության մեջ մեր ապրելու հնարավորությունը։ Բարեբախտաբար, գոյություն ունի մտավոր սեփականության մասին օրենք, որը վերցնում է այդ ծանր բեռն իր վրա ու տալիս հնարավորություն ազատ ապրելու և ստեղծագործելու։
Մտավոր սեփականության իրավունք կամ մտավոր սեփականություն ասելով՝ հիմնականում հասկանում են օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեությանը, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։
Սովորաբար գոյություն է ունենում նաև մտավոր սեփականության ապրանքների ցանկ, որը վիճահարույց իրավիճակներում ավելի կոնկրետ է սահմանում՝ ինչի մասին է խոսքը։ Նման իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կատարել մտավոր սեփականության գրանցում։
Մտավոր սեփականության մասին օրենքը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Արդյունաբերական սեփականությունը ներառում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։
Հեղինակային իրավունքը ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։ Հարակից իրավունքները ներառում են կատարողների իրավունքներն իրենց կատարումների, հնչյունագիր արտադրողների իրավունքներն իրենց ամրագրած հնչյունագրերի և հեռարձակող կազմակերպությունների իրավունքներն իրենց պատրաստած ռադիո և հեռուստատեսային ծրագրերի նկատմամբ։
Հեղինակային իրավունքը
Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով։ Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն։
Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը, որպես հեղինակ, նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում։
Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ լույս ընծայելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) լույս ընծայողը (որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա) այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը։ Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին։
Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչերը հեղինակային իրավունքի օբյեկտ չեն՝
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները,
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն),
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները,
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները,
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները,
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։
Հեղինակային իրավունքի օբյեկտները
- Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից։
- Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։
- Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված՝ ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող՝ անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց։
- Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։
- Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։
- Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։
Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները
Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները,
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները,
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները,
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները,
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը,
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները,
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները,
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները,
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները,
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները,
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները,
12) համակարգչային ծրագրերը,
13) տառատեսակները,
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները։
Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները
- Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին)։
- Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծեր մշակողներն իրավունք ունեն հրապարակել նախագիծը, եթե նախագիծը մշակելու հանձնարարությունը տվող մարմինն այն չի արգելում։ Նախագիծը հրապարակելիս մշակողներն իրավունք ունեն նշել իրենց անունը։
- Իրավասու մարմինը պաշտոնական փաստաթուղթ նախապատրաստելու նպատակով կարող է նախագիծն օգտագործել առանց մշակողի համաձայնության, եթե նախագիծը հրապարակել կամ համապատասխան մարմին է ուղարկել մշակողը։
- Նախագծի հիման վրա պաշտոնական փաստաթղթեր, խորհրդանիշներ և նշաններ նախապատրաստելիս պաշտոնական փաստաթուղթը, խորհրդանիշը կամ նշանը նախապատրաստող մարմնի հայեցողությամբ նախագծում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ։
- Իրավասու մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը կարող է օգտագործվել առանց մշակողի անունը նշելու։
Օրենքները գրված են դրանք կատարելու համար։ Շատ կարևոր է հետևել դրանց կատարմանը և դրանց միջոցով իրավունքների պաշտպանմանը, կլինի դա՝ մարդու իրավունք, կորպորատիվ իրավունք թե մտավոր սեփականության իրավունք։