Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ ձևականության պահպանումից:
Հեղինակային իրավունքի իրավատերն իր հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը տեղադրվում է ստեղծագործության յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`
- շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից.
- հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից.
- ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:
Անանուն կամ կեղծանունով լույս ընծայված ստեղծագործության (բացառությամբ դեպքերի, երբ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում) հրատարակիչը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ, որն իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքները և ապահովել դրանց իրականացումը: Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:
Կարդացեք նաև՝ Մտավոր սեփականություն։ Ապրանքային նշաններ