Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ ստանալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը հանձնաժողովի միջոցով ուսումնասիրում է ծնողների, ծնողական խնամքի բացակայության, ծնողական խնամքից զրկվելու, համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, երեխաների մահացության, համայնքում երեխաների հանդեպ բռնության, թրաֆիքինգի և այլ դեպքերը, ինչպես նաև մասնակցում է դատական գործերի քննությանը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական հաշվառումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը։
ՀՀ ոստիկանությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կրթական և բժշկական կազմակերպություններից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ ստանալու դեպքում իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն, կազմում երեխայի հայտնաբերման (տեսակցելու) մասին արձանագրություն, կազմակերպում է երեխայի առաջնային բուժզննումը, անհրաժեշտ օգնության տրամադրումը, անհրաժեշտության դեպքում երեխային անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կազմակերպում է համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելը։
Խնամակալության և հոգաբարձության սահմանումը․
Ինչպես դառնալ խնամակալ
Ըստ խնամակալության մասին օրենքի` խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընդունում են որոշում խնամակալություն սահմանելու մասին տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ, և հոգաբարձություն` 14-18 տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կենսապայմանների հետազոտություն` փաստաթղթային ուսումնասիրություններ, տնայցեր, հարցազրույցներ:
Խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք` իրենց համաձայնությամբ: Խնամակալ նշանակելիս հաշվի են առնում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական հատկանիշները, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է:
Խնամակալներ կարող են լինել երեխայի մերձավոր ազգականների, ինչպես նաև երեխայի հետ ազգակցական կապ չունեցող անձինք: Եթե երեխայի ազգականները ցանկանում են դառնալ խնամակալ, ապա նախապատվությունը տրվում է ազգականներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այն չի բխում երեխայի շահերից:
Խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները և պարտականությունները ծագում են խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու մասին որոշման ընդունման պահից: Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալներից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա: Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:
Խնամակալը հանդիսանում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանը ցանկացած ատյանում, այդ թվում և դատարանում, իսկ հոգաբարձուն միայն օրենքով սահմանված դեպքերում իրավունք ունի հանդես գալ իր խնամարկյալի անունից:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների և հոգաբարձուների գործունեության նկատմամբ` պարբերաբար կատարում է նրանց կենսապայմանների ուսումնասիրություն (առնվազն տարեկան երկու անգամ)` նախապես մշակված հարցաշարի միջոցով, երեխայի և ընտանիքի մյուս անդամների փոխհարաբերությունների, երեխայի առողջական վիճակի, ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի, երեխայի կրթական մակարդակի, վարքի, առաջադիմության և այլնի մասին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու համար: Այցելությունները կատարվում են մասնագիտական էթիկայի կանոններին համաձայն:
Այդ տեղեկությունը (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, որոշման ժամանակը և այլն) գրանցվում է համապատասխան մատյաններում:
Խնամակալություն կամ հոգեբարձություն նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նպատակով իրականացվող փաստաթղթային ուսումնասիրությունների իրականացման համար հավաքագրվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում խնամակալության և հոգաբարձության մարմնին խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու մասին,
2) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի առողջական վիճակի մասին տեղեկանք (համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 5-ի թիվ 517-Ն որոշման),
4) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, եթե անձնագրում հաշվառումը չի համապատասխանում փաստացի բնակության վայրին,
5) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությունը խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ,
6) Երեխային խնամքի և դաստիարակության համար խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիք հանձնելու իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողների ժամանակավոր բացակայության վերաբերյալ փաստաթուղթ, ծնողների (կամ միակ ծնողի) մահվան վկայականների պատճենները, ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողին անգործունակ ճանաչելու, կամ ծնողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու փաստը հաստատող դատական ակտի պատճենները, երեխայի ընկեցիկությունը հաստատող փաստաթուղթ (ակտ),
7) Երեխայի բնակության վայրի մասին տեղեկանք,
8) Երեխայի կրթական հաստատության մասին տեղեկանք (դպրոցական տարիքի երեխաների համար),
9) Տեղեկանք եղբայրների և քույրերի և նրանց գտնվելու վայրի մասին (առկայության դեպքում),
10) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի աշխատավայրի մասին տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում),
11) Երեխայի գույքի ցուցակագրման մասին ակտ, անշարժ գույքի առկայության մասին փաստաթուղթ (անշարժ գույքի առկայության դեպքում),
12) 10 տարեկանից բարձր երեխայի համաձայնությունը խնամակալություն սահմանելու մասին,
13) Երեխայի և խնամակալի կարիքների գնահատման թերթիկ:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները կայացնում են որոշում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ և կնքում պայմանագիր խնամատար ծնողի հետ, վերջինիս` երեխայի նկատմամբ ունեցած իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ որոշման կայացման նպատակով խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը, ընտրված երեխային իր ընտանիքում տեղավորման մասին դիմումը ներկայացնում է երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, որը դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ընտրված երեխայի մասին տեղեկություն ստանալու համար հարցում է ուղարկում երեխայի խնամքն իրականացնող համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպության ղեկավարին կամ այն անձին, ում մոտ գտնվում է երեխան: