Լիզինգ տերմինը առաջացել է անգլերեն to lease բայից, ինչը նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Գործունեություն է, որը ներառում է հիմնական միջոցների ձեռքբերման և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դրանց տրամադրումը` նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 677-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:
Նշենք, որ ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն: Բացի այդ ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության (լիզինգի) մասին օրենքով: Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 678-րդ 1-ին մասի հոդվածի համաձայն` ֆինանսական վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Նշենք, որ անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Կարևոր է նշել, որ ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:
Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վաճառողի կողմից հանձնվում է անմիջականորեն վարձակալին` վերջինիս գտնվելու վայրում, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով:
Այն դեպքում, երբ ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վարձակալին չի հանձնվել պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում ժամկետ նշված չէ` ողջամիտ ժամկետում, վարձակալն իրավունք ունի, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում վարձատուն, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
Վարձակալված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը վարձակալին է անցնում վարձակալված գույքը նրան հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով: