Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով: Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին: Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում: Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ: Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում: Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:
Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:
Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը: Կտակարարն իրավունք չունի իր կողմից նշանակված ժառանգների վրա կտակով պարտականություն դնել, որպեսզի վերջիններս իրենց հերթին` մահվան դեպքում որոշակի ձևով տնօրինեն իրենց կտակված գույքը։
Երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:
Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով: Կտակարարն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին:
եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր: Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները: տակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:
Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ): Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:
Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:
ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԿՏԱԿ ՊԵՏՔԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՆԱև ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Նվիրատվության և կտակի տարբերությունը կայանում է նրանում, որ
1. Կտակի դեպքում գույքի տնօրինման իրավունքը անձին տրվում է կտակարարի մահից հետո, իսկ նվիրատվության դեպքում մահվան դեպքի առկայությունը պարտադիր չէ անձին գույքի տնօրինման իրավունքը անցնում է նվիրատվության պայմանագրով նվերը ընդունելուց հետո։
2. Կտակարարը իր գույքի վերաբերյալ կտակ կարող է կազմել մի քանի անձի նկատմամբ (որոնցից գույքի տնօրինման իրավունքը ստանում է վերջին կտակում նշված անձը) իսկ Նվիրատվությունը անձը իր գույքի կամ գույքային իրավունքների նկատմամբ կարող է ձևակերպել մեկ անգամ։ Նվիրատուն միայն կարող է նվիրատվության պայմանագիրը վերացնել հետևյալ դեպքում. «Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ»:
Կարդացեք նաև՝ Ի՞նչ է ժառանգությունը։ ժառանգությունն ընդունելու ժամկետները։