Խնամակալություն (հոգաբարձություն), քաղաքացիների անձնական և գույքային շահերի իրավական պաշտպանության ձև։ Սահմանվում է ծնողական իրավունքներից զրկելու դեպքում, ծնողների հիվանդության կամ այլ պատճառներով ծնողական խնամքից զրկված (14 տարին չլրացրած) երեխաների, դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդների կամ տկարամիտների, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ մահացած կամ անհետ կորած անձանց գույքի նկատմամբ՝ նրանց խնամքը, դաստիարակությունը ապահովելու, գույքային և անձնական շահերը պաշտպանելու նպատակով։
Մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կենսապայմանների հետազոտություն` փաստաթղթային ուսումնասիրություններ, տունայցեր, հարցազրույցներ:
Խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք` իրենց համաձայնությամբ: Խնամակալ նշանակելիս հաշվի են առնում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է:
Խնամակալներ կարող են լինել երեխայի մերձավոր ազգականների, ինչպես նաև երեխայի հետ ազգակցական կապ չունեցող անձինք: Եթե երեխայի ազգականները ցանկանում են դառնալ խնամակալ, ապա նախապատվությունը տրվում է ազգականներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այն չի բխում երեխայի շահերից:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը իրավասու է դիմել դատարան 14-18 տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը սահմանափակելու միջնորդությամբ:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ ծնողին, նրանցից մեկի մերժման դեպքում, չխանգարելու պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ մերձավոր ազգականների հետ երեխայի շփումը:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: