Յուրաքանչյուր երկիր ունի իր հարկային դաշտը, որն առանձնանում է իր օրենքներով և կարգավորումներով, ըստ դրա որոշակի երկրում գործունեություն ծավալելուց առաջ պետք է ծանոթանալ տվյալ երկրի հարկային դաշտի կանոններին։
Բիզնես խորհրդատվություն ստանալն այս դեպքում լավագույն ելքերից մեկն է, այն ձեզ կօգնի լավագույնս պատկերացնել հարկային դաշտը, բիզնեսների դիրքը տվյալ պետության մեջ և կօգնի խուսափել ռիսկերից ու գործունեության անհաջող ելքերից։
Ինչպես բոլոր երկրներում Հայաստանում ևս հարկային համակարգն ունի իր ուրույն գործածման ձևն ու առանձնահատկությունները։
Հարկային համակարգը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հարկային համակարգը հարկային հարաբերությունների ամբողջությունն է: Հարկային հարաբերությունները հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, հարկային հարաբերությունները կարգավորող օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:
Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, պետական «շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ» և տեղական «գույքահարկ, հողի հարկ և հյուրանոցային հարկ» հարկերի մասին և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող դրույթներ սահմանված են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկային ծառայության մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հարկերի տեսակները
Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
շահութահարկ,
եկամտային հարկ,
ակցիզային հարկ,
ավելացված արժեքի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
գույքահարկ,
հողի հարկ,
հյուրանոցային հարկ:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է օրենքով:
Հարկերի տեսակներին ծանոթանալուց հետո պետք է նաև խորությամբ ուսումնասիրել իրավունքներն ու պարտականությունները, հատկապես բիզնես սկսելիս, այսինքն՝ հարկային դաշտ մտնելիս պետք է պարզ հասկանալ ձեռնարկատիրական իրավունք, կորպորատիվ իրավունք և այլ հասկացությունների մասին, որոնք ուղղակիորեն կապված են այն ոլորտի հետ, որի մեջ ուզում եք խորանալ։
Հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները
Հարկ վճարողն իրավունք ունի`
ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.
բ) հարկային մարմին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,
գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.
դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար.
ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:
Հարկ վճարողը պարտավոր է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.
բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.
գ) սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.
դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.
ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար, այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով)։
զ) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
է) հարկային մարմնի ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.
ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն և անգլերեն լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.
թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):