Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ(անկախ գույքի գտնվելու վայրից) կամ առցանց՝ www.e-cadastre.am կայքի միջոցով։
Առցանց ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի իսկությունը հաստատվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մինչև պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցումը անշարժ գույքի պետական ռեգիստրը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գրանցման ենթակա են՝
- Սեփականության իրավունք
- Օգտագործման իրավունք
- Հիփոթեքային պայմանագիրը
- Սերվիտուտը
- Հողամասի կառուցապատման իրավունքը
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կատարվում է «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը։ Որևէ շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը կամ հողամասի կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից կառուցված շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքը չի կարող գրանցվել, եթե ներկայացված չեն կամ գրանցող մարմնում առկա չեն գրանցումը հայցող իրավատիրոջ` այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր։
Ըստ օրենքի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար մերժման հիմքերն են՝
- ներկայացված իրավունքը կամ սահմանափակումը սույն օրենքով գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում չէ,
- անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը,
- ներկայացվել է դատական ակտ, որով որոշված է պետական գրանցման մերժում,
- այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը, կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը,
- անշարժ գույքի գործարքը կնքել է (են) նման գործարք կնքելու իրավասություն չունեցող կամ նման գործարք կնքելու համար բավարար ծավալով իրավասություն չունեցող անձը (անձինք),
Պետական գրանցում կատարելու վերաբերյալ տրված դիմումով գրանցումը մերժելու դեպքում դիմողին տրամադրվում է մերժման մասին որոշումը՝ մերժման պատճառների մասին։ Ըստ օրենքի արգելվում է օրենքում նշված մերժման հիմքերից բացի այլ հիմքով անշարժ գույքի պետական գրանցման դիմումի մերժումը։