Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք: Նշենք, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: Բացի այդ նշենք, որ շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ:
Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի դրա գինը: Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում, դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված:
Անշարժ գույքը հանձնելը վաճառողի և դրա ընդունելը գնորդի կողմից իրականացվում են փոխանցման ակտի կամ գույքը հանձնելու մասին այլ փաստաթղթի հիման վրա:
Անշարժ գույքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այդ գույքը գնորդին հանձնելուց և հանձնելու մասին համապատասխան երկկողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Կողմի խուսափելը պայմանագրով նախատեսված պայմաններով անշարժ գույքի փոխանցման մասին փաստաթուղթն ստորագրելուց համարվում է հրաժարվել վաճառողի կողմից գույքը հանձնելու, իսկ գնորդի կողմից` գույքն ընդունելու պարտականությունը կատարելուց: