Աշխատանքային իրավունք․ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի նպատակը
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային Օրենսգիրքը նախատեսված է սահմանելու համար ֆիզիկական անձանց աշխատանքային իրավունքների ու ազատությունների պետական երաշխիքները։ Այսինքն՝ գործատուի իրավունքներն ու պարտականությունները սերտորեն կապված են ֆիզիկական անձանց իրավունքների ու ազատությունների հետ։ Աշխատանքային Օրենսգրքում ֆիզիկական անձինք ենթադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք։
Աշխատանքային Օրենսգրքի նպատակը նաև նպաստելն է աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանը և պաշտպանելն է ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործատուների իրավունքներն ու ազատությունները։
Գործատուի պարտականությունները
Գործատուի պարտականությունները նախատեսված են աշխատանքային կարգապահություն ստեղծելու ու այն պահպանելու համար։ Ըստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքային Օրենսգրքի, Գործատուն պարտավոր է աշխատակցին տրամադրել աշխատանքային պայմանագիր ու կազմակերպել նրա աշխատանքները։ Գործատուն նաև պարտավորվում է՝
- վճարել աշխատողի աշխատավարձը՝ նախատեսված ժամկետում ու աշխատանքային պայմանագրում սահմանված չափով,
- աշխատողին տրամադրել ինչպես վճարվող, այնպես էլ չվճարվող արձակուրդ՝ ըստ սահմանված կարգի,
- աշխատողի համար ստեղծել անվտանգ աշխատանքային պայմաններ,
- աշխատողին աշխատանքի ընդունելիս և նրա աշխատելու ընթացքում ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահության կանոններին, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին,
- կատարել այլ պարտականություններ, սահմանված օրենքով, իրավական ակտերով ու աշխատանքային պայմանագրերով։
Աշխատանքային Օրենսգիրքը նաև հատուկ անդրադարձ է կատարում գործատուի ներկայացուցչի իրավունքներին ու պարտավորություններին։
Գործատուի իրավունք և պարտականություններ
Ըստ Օրենսգրքի, կազմակերպության կոլեկտիվում և անհատական աշխատանքային հարաբերություններում գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը՝ տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ․․․ Իրենց լիազորությունների սահմաններում կամ օրենքով ու կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործատուներին կարող են ներկայացնել նաև այլ անձինք։
Աշխատանքային իրավունքների բնագավառում իր լիազորությունները կամ դրանց որոշակի մասը գործատուն իրավունք ունի փոխանցելու քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց: Իսկ գործատուների համապատասխան միությունը կարող է հանդես գալ որպես գործատուների ներկայացուցիչ՝ հանրապետական, ճյուղային ու տարածքային մակարդակների կոլեկտիվ հարաբերություններում։
Ի՞նչ է գործատուների միությունը
Գործատուների միություն տերմինն օգտագործվում է առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձին անդրադառնալու համար։ Նրա գործառությունը կայանում է գործատու կազմակերպություններին ու քաղաքացիներին միավորելու մեջ։ Իսկ միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայանում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով։
Հարկ է նաև նշել, որ գործատուների միության գործունեությունը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքով, օրենքով ու իր կանոնադրությամբ։
Գործատուի պարտավորությունները՝ աշխատակցի հանդեպ
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը նաև հատուկ անդրադարձ է կատարում գործատուի պարտավորություններին՝ իր բոլոր աշխատողների ու նրանց իրավունքների վերաբերյալ։ Այսպիսով, գործատուն պարտավորվում է․
- հարգել բոլոր աշխատողների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը։ Ընդ որում, աշխատողի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ,
- եթե կայացվելիք որոշումները կարող են ազդել աշխատողների իրավական վիճակի վրա, ապա գործատուն պարտավորվում է խորհրդակցել նրանց հետ, ինչպես նաև՝ ըստ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի՝ ստանալ նրանց համաձայնությունը,
- սեղմ ժամկետներում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը,
- քննարկել աշխատողների առաջարկություններն ու տալ գրավոր պատասխաններ։ Այս պարտավորությունը գործատուն պետք է իրականացնի Աշխատանքային Օրենսգրքով սահմանված ժամկետներում, կամ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում,
- աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ աշխատողին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ,
- կատարել կոլեկտիվ պայմանագրով այլ պարտականություններ,
- ապահովել աշխատողների ներկայացուցիչների օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացումը։
Գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան և պահանջել դադարեցնել աշխատողի անօրինական գործունեւթյունը։ Սա կիրառելի է, երբ աշխատողը խախտել է գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը։
Դիմելով իրավաբանական ընկերություն
Իրավաբանական ընկերություն դիմելիս, գործատուի գլխավոր նպատակն է ստանալ մասնագիտացված իրավաբանական խորհրդատվություն, որին (անհրաժեշտության դեպքում) կհաջորդի նաև գործատուի ներկայացուցչությունը իրավական հաստատություններում։
Բացի այդ, իրավաբանական ընկերությունը կարող է նաև օգնել գործատուին ճանաչել սեփական իրավունքներն ու պարտականությունները՝ դրանք պահպանելու ու պատշաճ կերպով իրականացնելու համար։ Նման ընթացակարգերը սովորաբար նաև ներառում են աշխատանքի ընդունելուն, աշխատողի իրավունքները չխախտելուն ու աշխատանքային քաղաքականությունը պահպանելուն՝ խուսափելով իրավական խնդիրներից։
Ամփոփում
Այսպիսով, գործատուի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ավելի ներդաշնակ ու համակարգված աշխատանքային գործընթաց ստեղծելու համար՝ լինի դա աշխատողների հանդեպ նրանց պարտականությունների, թե հենց գործատուների իրավական պարտավորությունների ճանաչումն ու պատշաճ կատարումը։ Իսկ մասնագիտացված խորհրդակցությունն ու ուղղորդումը կապահովեն աշխատանքային նորմերի պահպանմանը՝ պաշտպանելով ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի շահերն ու իրավունքները։