Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է անհատական և խմբային աշխատանքային հարաբերությունները։ Այն նաև սահմանում է հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման հիմքերն ու դրանց իրականացման կարգը։
Աշխատանքային օրենսգիրքը ծառայում է որպես պարտականությունների իրականացման և երկու կողմերի իրավունքների պահպանման միջոց, որի խախտումը կարող է առաջացնել աշխատանքային վեճեր, որոնք կարող են նաև լուծվել դատական միջամտությամբ։
Աշխատանքային օրենսգիրք
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքի նպատակը սահմանելն է բոլոր ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքների իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները։
Օրենսգիրքը նաև նպաստում է աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Քանզի այն պաշտպանում է գործատուների և աշխատողների իրավունքներն ու շահերը։
Օրենսդրության սկզբունքներն ու գաղափարը
Աշխատանքային սկզբունքներն իրենցից ենթադրում են մի շարք իրավունքների պահպանում, որոնցից ամենակարևորն աշխատելու և աշխատանքի ընտրության հարցում ազատ որոշում կայացնելու իրավունքն է։ Այս սկզբունքը նաև ներառում է աշխատանքային ունակությունները տնօրինելու, և մասնագիտության ու գործունեության տեսակի ընտրության ազատություն ունենալու իրավունքը։
Որոշակի սկզբունքների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային ոլորտը ձեռք է բերել ավելի նորարար և զարգացող քաղաքականություն, որտեղ ամենակարևոր նախապայմաններից է նաև յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը, ինչը ներառում է նրանց անվտանգության ապահովումը, հիգիենայի պահպանման պահանջները բավարարող պայմանները և իհարկե, հանգստի իրավունքը։
Աշխատանքային օրենսգրքի կարևորությունը
Աշխատանքային օրենսգիրքը նաև ստեղծում է աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարության պահպանում։
Այս գործոններն են սեռը, ռասսան, մաշկի գույնը, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, կրոնը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, տարիքը, և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքները, ինչպես նաև աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։
Ըստ օրենսգրքի՝ պետությունն իրականացնում է աշխատանքային իրավունքների իրականացումը՝ համապատասխան աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքների դրության։
Որոշ դեպքերում աշխատանքային իրավունքները կարող են սահմանվել միայն օրենքով։ Նման դեպքերը պայմանավորված են պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի և նման այլ նախապայմանների ապահովությունը սահմանելու համար։
Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Կոլեկտիվ պայմանագրեր
Կոլեկտիվ բանակցությունների միջոցով կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը և նրանց ներկայացուցիչները համաձայնեցնում են և լուծում իրենց շահերը։
Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավորություն է կրում այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին։ Ծանուցման մեջ հարկավոր է նշել կոլեկտիվ բանակցությունների նպատակը, առաջարկություններն ու պահանջները։
Համաձայն օրենսգրքի 66-րդ հոդվածի՝ ստացող կողմը՝ գործատուն կամ պահանջներ ստացած կողմը, պարտավոր է քննարկել ստացած պահանջները և դրանք ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում ընդունել գրավոր որոշում և այն փոխանցել պահանջներն առաջադրողին։ Սա հնարավորություն է տալիս կողմերին առաջադրել իրենց պահանջներն ու առաջարկները՝ խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից, ինչպես նաև լինել տեղեկացված բանակցություններին մասնակցելու միմյանց դիրքորոշման վերաբերյալ։
Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը
Ներքին և անհատական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն, եթե դրանց դրույթներն ավելի նվազ են, քան Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային օրենսդրությամբ ու աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները։
Ներքին իրավական ակտերն իրենցից ենթադրում են ընկերության ներքին կարգապահական կանոնները, որոնք ներառում են աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու համար, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
Եթե իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գործատուի կողմից ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը գործում են համապատասխան անձանց պատշաճ կերպով իրազեկելու պահից։
Աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման բնույթ կրող փաստաթղթերի մեկ օրինակը պիտի հանձնվի աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Աշխատանքային վեճերի լուծում
Աշխատողների և գործատուների կողմից կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով իրականացվում է աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումը։
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը:
Եթե աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն աշխատանքային հարաբերությունների կողմերին ուղղակիորեն չեն արգելում պայմանագրային կարգով ինքնուրույն սահմանել փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ, ապա պայմանագրային կարգով նման իրավունքներ և պարտականություններ սահմանելիս կողմերը պետք է առաջնորդվեն արդարացիության, ողջամտության և ազնվության սկզբունքներով:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը սահմանված և մշակված է յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի օրենքներն ու իրավունքները բարեխղճորեն և արդար կերպով պաշտպանելու համար։
Օրենսգիրքը հնարավորություն է տալիս լինել իրազեկված սեփական իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, ինչպես նաև կարողանալ լուծել ցանկացած աշխատանքային վեճ՝ ըստ օրենքի։ Այսպիսով վեճերի լուծումը կարող է իրականացվել ինչպես կազմակերպության ներքին բանակցությունների, այնպես էլ որոշակի դատական գործընթացակարգի միջոցով։
Այս դեպքում կողմերը՝ սեփական և աշխատանքային շահերը պաշտպանելու համար կարող են ստանալ իրավաբանական խորհրդատվություն, որը կօգնի յուրաքանչյուր կողմին առաջնորդվել ըստ օրենքի՝ խուսափելով այլ վեճերի առաջացումից։