Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության մասին:
Հարկ է նշել, որ ծնողական իրավունքներից զրկումը առաջացնում է իրավական ծանր հետևանքներ և ծնողների և երեխաների համար: Ծնողական իրավունքներից զրկումը կատարվում է բացառապես դատական կարգով` նման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում:
ՀՀ Ընտանեկան օրենսգիրք
ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը հստակ սահմանում է ծնողական իրավունքներից զրկելու կարգը: Մասնավորապես, ընտանեկան օրենսգրքի համաձայն` Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`
1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սակայն վերոշարադրյալի հետ կապված հարկ է նշել, որ պրակտիկայում քիչ չեն դեպքերը երբ քաղաքացիները ծնողի՝ ալիմենտ վճարելու անկարողությունը նույնացնում են ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու հետ: