Ըստ Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգրքի՝ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս, ծնողներն ունեն հավասարազոր ընտանեկան իրավունք՝ երեխայի խնամքի վերաբերյալ։ Ըստ այդմ, իրավական կարգավորումները, որոնք սերտորեն կապված են ընտանեկան հարաբերությունների հետ, անցկացվում են ըստ ամուսնական դաշինքի կամավորության։ Այն իրականացվում է համաձայն մի շարք սկզբունքների, որոնցից են՝ ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ծագած ընտանեկան խնդիրների լուծումն ըստ փոխադարձ համաձայնության և այլն։ Այս դեպքում ծնողներն իրավունք ունեն դիմել իրավաբանական ընկերություն և վարել աշխատանքը մասնագետների ուղղորդմամբ։
Ծնողական իրավունքներ և ՀՀ Ընտանեկան Օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության Օրենսգիրքը ներառում է մի քանի հոդվածներ՝ անդրադարձող ծնողական իրավունքների պաշտպանությանը, վերականգնմանը, իրականացմանը, զրկմանը և այլն։
Ծնողական իրավունքների պաշտպանությունը
Ըստ Օրենսգրքի՝ ծնողն իրավունք ունի վերադարձնել իր երեխային այն անձից, ում մոտ երեխան ապրում է առանց որևէ օրինական հիմքի կամ դատական որոշման։ Վերադարձնելու ընթացքում վեճեր առաջանալու դեպքում ծնողն իրավունք ունի սկսել դատական գործընթաց՝ սեփական ծնողական իրավունքները պաշտպանելու և վերադարձնելու համար։ Գործընթացի ընթացքում ծնողը կարող է ստանալ իրավաբանական ծառայություններ՝ գործին մասնագիտացված մոտեցում ցույց տալու համար։
Այս դեպքում դատարանը հաշվի է առնում նաև երեխայի կարծիքը, եթե լրացել է նրա տասը տարին։ Ըստ երեխայի որոշման՝ դատարանը կարող է մերժել ծնողի հայցը, հանգելով այն եզրակացության, որ երեխայի վերադարձը ծնողներին չի բխում երեխայի շահերից։
Գոյություն ունի նաև երրորդ տարբերակ, որի դեպքում դատարանը որոշում է, որ երկու կողմերն էլ (ոչ օրինական խնամակալը և ծնողը) չեն կարող ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը, դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձու մարմիններին։
Ծնողական իրավունքների սահմանափակում
Ծնողական իրավունքների սահմանափակումը գործում է այն դեպքերում, երբ ծնողների վարքագիծը երեխայի համար հանդիսանում է վտանգավոր, սակայն չկան բավարար հիմքեր՝ ծնողներին իրավունքներից զրկելու համար։
Ծնողական իրավունքների սահմանափակումից հետո ծնողները պիտի վերանայեն սեփական վարքագիծը և աշխատեն այն ուղղելու ուղղությամբ։ Վարքագիծը չփոխելու դեպքում խնամակալության և հոգաբարձության խնամակալը, իրավունքների սահմանափակումից վեց ամիս հետո պարտավորվում է դիմում ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից ամբողջությամբ զրկելու նպատակով։
Ծնողական իրավունքներից զրկումը՝ երեխայի ապահովության համար
Ըստ Օրենսգրքի՝ դատարանը կարող է զրկել ծնողական իրավունքներից, եթե նրանց խնամակալության ներքո երեխայի (ների) կյանքը վտանգված է՝ անմիջական սպառնալիքներով։ Այս հոդվածը գործում է ինչպես կենսաբանական ծնողների, այնպես էլ օրինական կամ ոչ օրինական խնամակալների հանդեպ։
Երեխային վերցնելուց հետո խնամակալության և հոգաբարձության մարմինները պետք է երեխայի համար ապահովեն ժամանակավոր տեղավորում և յոթ օրվա ընթացքում դիմեն դատարան՝ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ իրավունքներից զրկելու համար։
Ի՞նչն է հանգեցնում ծնողական իրավունքների զրկմանը
ՀՀ Ընտանեկան Օրենսգիրքը ներկայացնում է մի քանի կետեր, որոնց առկայության դեպքում դատարանն իրավունք ունի ծնողին զրկել երեխայի հանդեպ որևէ իրավունքներից։ Այս կետերը սահմանում են երեխայի հանդեպ անուշադրությունը և ծնողական պարտականությունների արհամարհումը։
Դատարանն իրավունք ունի զրկել երեխայի հանդեպ իրավունքներից, եթե ծնողը հրաժարվում է վճարել երեխայի ալիմենտը, թողնում է երեխային ծննդատանը, բժշկական այլ կազմակերպություններում, դաստիարակչական կամ այլ սոցիալական պաշտպանության կազմակերպություններում։
Դատարանը նաև կարող է զրկել ծնողական իրավունքներից, եթե ծնողը երեխայի վրա ունենում է վնասակար ազդեցություն՝ կապված հակաբարոյական վարքագծի։ Հոգեկան բռնության հետ մեկտեղ, դատարանը նաև զրկում է իրավունքներից, եթե ծնողը երեխային ենթարկում է ֆիզիկական կամ սեռական ոտնձգության։
Ծնողական իրավունքների զրկման կարգը
Ծնողական իրավունքներից զրկվելիս ծնողը (ները) կորցնում է երեխայի հանդեպ բոլոր իրավունքները՝ հիմնված երեխայի հետ ազգակցության փաստի վրա։ Իրավունքները կորցնելու դեպքում ծնողները դեռ պարտավորվում են հոգալ երեխայի ապրուստը։
Ըստ օրենսգրքի, ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության և օգտագործման իրավունքները։ Եթե ծնողները չունեն բնակելի տարածություն, ապա երեխան իրավունք ունի ստանալ բնակելի տարածություն։
Երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքի, եթե հնարավոր չէ երեխային հանձնել մյուս ծնողին կամ, եթե երկու ծնողներն էլ զրկված են երեխայի խնամակալության իրավունքներից։
Երեխան կարող է որդեգրվել միայն այն դեպքում, երբ ծնողական իրավունքներից զրկելու վճիռն ուժի մեջ է արդեն վեց ամիս։
Ծնողական իրավունքների վերականգնումը
Ծնողական իրավունքները վերականգնվում են այն դեպքերում, եթե ծնողը կամ ծնողները փոխել են խոչընդոտ հանդիսացող վարքագիծը, կենսակերպը կամ երեխայի խնամակալության և դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
Իրավունքները վերականգնելու նպատակով ծնողները պետք է դիմեն դատարան՝ ըստ ծնողական իրավունքներից զրկման դիմումի։ Իրավունքների վերականգնման մասին գործը ենթարկվում է քննման, որտեղ պարտադիր մասնակցություն պիտի ունենա նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
Իրավունքների վերադարձի աշխատանքներում կարող է նաև վերականգնվել երեխայի վերադարձը ծնողներին, կամ նրանցից մեկին։ Եթե լրացել է երեխայի տասը տարին, ապա երեխան նույնպես կարող է մասնակցել իրավունքների վերականգնման գործընթացին։
Եթե երեխան չցանկանա վերականգնել ծնողների իրավունքները իր խնամակալության և կացության նկատմամբ, ապա դատարանը կարող է մերժել ծնողների ներկայացրած հայտը։ Սա գործում է միայն այն դեպքում, եթե ծնողական իրավունքների վերականգնումը վնասում կամ հակասում է երեխայի բարեկեցությանն ու շահերին։
Իրավունքների վերականգնումը, սակայն, չի կարող իրականացվել, եթե երեխան արդեն իսկ որդեգրված է, իսկ որդեգրումը չի վերացվել սահմանված կարգով։
Ամփոփում
Ծնողական իրավունքները սահմանված են ծնողի և երեխայի առողջ և բարեկեցիկ կյանքի համար, որտեղ ծնողները երեխայի համար ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ վերաբերող կացությանը և հոգեկան բարեկեցությանը։