Սահմանադրության` «Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57-րդ հոդվածը ամրագրում է աշխատանքի ընտրության ազատությունը և երաշխավորում աշխատանքային իրավունքները, ի թիվս այլնի ամրագրում է յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը:
Աշխատանքի ընտրության ազատությունը ներառում է, ի թիվս այլնի, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նաև արդեն ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը: Աշխատանքից անհիմն ազատվելուց պաշտպանության սահմանադրական կարևորագույն երաշխիքներից է այն, որ աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
Հարկ է նաև նշել, որ աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված իրավակարգավորումները պետք է պարունակեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, համարժեք՝ սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը, լինեն բավարար չափով որոշակի, իսկ այդ կանոնակարգումներով հիմնական իրավունքների սահմանափակումները չգերազանցեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Օրենսգիրքը, նախատեսելով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, միաժամանակ ամրագրել է յուրաքանչյուր հիմքի իրացման առանձնահատկությունները և այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում կողմերի աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխիքները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանվում են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքները, որոնք աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են: Եթե գործատուն նախատեսում է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում և դրա արդյունքում այս կամ այն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում, ապա այդ գործընթացը նախաձեռնելու պահից գործատուն պետք է ստուգի արդյոք Օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն երաշխիքը տարածվում է տվյալ աշխատողի վրա թե ոչ:
Այսպիսով, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում առկա են ընդհանուր և հատուկ երաշխիքներ: Ընդհանուր երաշխիքը գործատուի կողմից իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականությունն է:
Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսված են նաև հատուկ երաշխիքներ, որոնք արգելում են աշխատանքային պայմանագրի լուծումը, ուստի այդ պարագայում համապատասխան երաշխիքներից օգտվող աշխատողներին այլ աշխատանք առաջարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ նշված աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի լուծումն արդեն իսկ արգելված է:
Վերը նշվածից հետևում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը կարող է իրականացվել միայն դրա իրավական հիմքերի և պատճառների առկայության դեպքում, ինչը նույնպես նախատեսված է աշխատանքային օրենսգրքով: