Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունք ենթադրող ամբողջ ընթացակարգերը սահմանվում են ՀՀ Աշխատանքային Օրենսգրքով, որի նպատակն է սահմանել ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքների ու ազատությունների պետական երաշխիքները, նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը և պաշտպանել աշխատողների ու գործատուների իրավունքներն ու շահերը։
Աշխատանքային իրավունքի սկզբունքները․ գործատուի և աշխատողի իրավունք, ստաժ
Ինչպես արդեն գիտենք, ՀՀ Աշխատանքային Օրենսգիրքը նախատեսված է բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելու և դրանք պահպանելու համար և աշխատանքային իրավունք հասկացությունը ևս մեկ շարժիչ ուժ է աշխատանքային բարենպաստ պայմանների ձևավորման գործում։ Աշխատանքային իրավունքները սահմանում են աշխատողի ու գործատուի իրավունքներն ու պարտականությունները, օրինակ՝ արդար և թույլատրելի աշխատանքային ժամերը, աշխատավարձի նվազագույն շեմը և աշխատանքային պայմանները։
Աշխատանքային օրենսգիրքը նաև սահմանում է աշխատանքային պայմանագիր կնքելու և այն դադարեցնելու գործընթացները, ներառյալ աշխատողի ու գործատուի պարտականություններն ու իրավունքները։ Օրենսգիրքը նաև անդրադառնում է աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքներին ու ընդհանուր դրույթներին՝ կախված աշխատանքի տեսակից։
Աշխատանքային ստաժի բնույթը
Աշխատանքային ստաժը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում անձը եղել է Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերություններում։ Այն նաև ենթադրում է այլ ժամանակահատվածներ, որոնք նույնպես կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում՝ ըստ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրերի։ Այս դեպքում նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը ձեռք են բերում որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ։ Աշխատանքային ստաժն ունի մի քանի տեսակներ, ըստ որոնց էլ իրականացվում է ստաժի հաշվարկումը։
Ընդհանուր աշխատանքային ստաժ
Ընդհանուր աշխատանքային ստաժի հաշվարկման դեպքում հաշվի է առնվում քաղաքացու՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը։ Այսինքն՝ սկսած աշխատանքային պայմանագրի կնքումից, մինչև պայմանագրի դադարեցումը։ Այս դեպքում նաև հաշվի են առնվում այլ ժամանակահատվածներ, որոնք կարելի է հաշվարկել աշխատանքային ստաժում։
Հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ
Հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հաշվարկման ընթացքում հաշվի են առնվում այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում անձը կատարել է որոշակի մասնագիտական աշխատանք և զբաղեցրել է որոշակի պաշտոն, աշխատանքային առանձնահատուկ պայմաններում կատարել որոշակի աշխատանք։ Ստաժի այս տեսակի հաշվարկման ընթացքում նաև հաշվի են առնվում որոշակի այլ ժամանակահատվածներ, որոնք կարելի է ընդգրկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում։
Որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժ
Այս դեպքում հաշվարկվում է տվյալ աշխատավայրում աշխատանքի ամբողջ ժամանակը, ներառյալ այն ժամանակահատվածները, որոնք կարելի է ներառել այս տեսակի աշխատանքային ստաժում և ստաժի հաշվարկման գործընթացում։
Անընդմեջ աշխատանքային ստաժ
Անընդմեջ աշխատանքային ստաժը ենթադրում է անձի փոխադրումը մեկ գործատուից մյուսի մոտ և աշխատանքային ստաժ է համարվում եթե փոխադրման ընթացքում մեկ աշխատանքից մյուսի անցումը չի գերազանցում մեկ ամիսը։ Տվյալ աշխատանքային ստաժի հաշվարկման ընթացքում կարող է հաշվի առնվել ինչպես մեկ, այնպես էլ մեկից ավել գործատուների մոտ աշխատանքային ժամակահատվածը։ Այս փորձառությունն աշխատանքային ստաժ է համարվում, եթե մեկ աշխատատեղից մյուսի փոխադրումն իրականացվել է գործատուների փոխհարաբերությամբ կամ աշխատանքային ստաժը չընդհատող այլ հիմքերով։
Ապահովագրական ստաժ
Ապահովագրական աշխատանքի հաշվարկման ընթացքում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարը, երբ քաղաքացին ունեցել է որոշակի ապահովագրություն և նրա համար կամ նրա կողմից կատարվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ՝ օրենքով սահմանված կարգով։
Անկախ աշխատանքային ստաժի տեսակից և հատուկ ընթացակարգերից, անձի աշխատանքային ստաժի հաշվարկման ամբողջ գործընթացը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Հաշվարկման համար անձը կարող է դիմել մասնագիտացված օգնության՝ իրավաբանական ընկերություն։ Այս դեպքում իրավաբանական ընկերությունը հաշվի է առնում անձի ամբողջ աշխատանքային փորձը և ստաժի վերջնական հաշվարկը կազմում ըստ անձի ունեցած աշխատանքների տեսակի և բնույթի։