Որոնք են ամուսնալուծության դադարման հիմքերը
Ըստ օրենքի ամուսնությունը կարող է դադարել՝
1. Ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա,
2. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով,
Նշենք նաև, որ ըստ օրենքի ամուսինը իրավունք չունի դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։
Ամուսնալուծությունը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում, ինչպես նաև դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:
Ըստ օրենքի ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող են ներկայացնել, եթե ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնալուծության պետական գրանցման համար
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.
6)դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
Ըստ օրենքի ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:
Նշենք նաև, որ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:
Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:
Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:
Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1)ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը՝ մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծությունից հետո, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտային գրանցմանը համապատասխան.
2) ամուսնության գրանցման ժամանակը և վայրը.
3) ամուսնության դադարման ժամանակը.
4) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը, համարը և վայրը.
5) ամուսնալուծության պետական վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը: