Ամուսնություն կնքելու և այն դադարեցնելու կարգը ենթադրում է որոշակի իրավական գործընթացներ, որոնք իրականացվում են համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ ըստ Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրեսգրքի։
ՀՀ Ընտանեկան Օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգիրքը սահմանում և ներկայացնում է ընտանիքի անդամների բարեկեցությունը, ապահովությունը և իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ընտանիքում տարբեր կարգավիճակների դեպքում իրավական լուծումներ կիրառելու թույլատրելիությունը և անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը, հայրը, մայրը և երեխան գտնվում են հասարակության ու պետության հովանավորության ու պաշտպանության ներքո, որտեղ պետությունը երաշխավորում է երեխաների առաջնային պաշտպանությունը։
Ամուսնության կնքումն ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի
ՀՀ Ընտանեկան Օրենսգիրքը ճանաչում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, որի ամբողջ ընթացքում, ինչպես նաև ամուսնալուծվելիս՝ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Ընտանեկան Օրենսգիրքը նաև հատուկ ուշադրություն է դարձնում ամուսինների միջև սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելիության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների սահմանափակումներին։
Ամուսնությունը կնքվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգը։ Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը գրանցելու պահից ի վեր ծագում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները։
Գոյություն ունեն ամուսնությունը կնքելու որոշակի պայմաններ, օրինակ՝ ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնության առկայությունը և նրանց՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնանալու թույլարելի տարիքի լրացումը (կանանց համար տասնյոթ, իսկ տղամադրկանց համար տասնութ)։ Իսկ ամուսնությունն արգելվում և անվավեր է համարվում ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի 11-րդ հոդվածում ներառված հանգամանքների առկայության դեպքում։
ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի 11-րդ հոդվածը
11-րդ հոդվածում Ընտանեկան Օրենսգիրքը սահմանում է այն հատուկ կարգավիճակները, որոնց առկայության դեպքում ամուսնացող անձինք չեն կարող օրինական ճանապարհով կնքել ամուսնական ակտ։ Առաջին կարգավիճակը՝ երբ ամուսնանալ ցանկացող անձանցից որևէ մեկն արդեն իսկ գտնվում է օրինական կարգով սահմանված ամուսնության մեջ։ ՀՀ Ընտանեկան Օրենսգիրքն արգելում է ամուսնությունը մերձավոր ազգականների միջև, որդեգրվողների ու որդեգրողների միջև, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց միջև (թեկուզ, եթե անգործունակ է ճանաչվել միայն մեկ կողմը)։
Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը
Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունները, բժշկագենետիկական ու ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացվում են առողջապահական կազմակերպություններում։ Հետազոտության այս տեսակներն անցկացվում են ամուսնացող անձանց ցանկությամբ և պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում։ ՀՀ Ընտանեկան Օրենսգիրքն այս հետազոտությունների արդյունքները համարում է բժշկական գաղտնիք և հաղորդում ամուսնացող մյուս կողմին՝ միայն տվյալ անձի համաձայնությամբ։
Ամուսիններից մեկն իրավունք ունի ամուսնությունը դադարեցնելու նպատակով դիմելու դատարան՝ եթե մյուս ամուսինը նրանից թաքցրել է ամուսնությունն իրավական դարձնելու պահին թաքցրել է իր մոտ սեռավարակի, ներառյալ՝ իմունային անբավարարության վիրուսի, ինչպես նաև հոգեկան հիվանդության ու թմրամոլության, թունամոլության առկայության փաստը։ Այս և այլ դեպքերում ամուսինը կարող է նաև ստանալ իրավաբանական խորհրդատվություն՝ ընթացակարգը պատշաճ սկսելու և շարունակելու համար։
Ամուսինների որոշումներ կայացնելու ընդհանուր դրույթները
Ըստ Ընտանեկան Օրենսգրքի հիմնական սկզբունքների՝ ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումներն իրականացվում են միմյայն կնոջ և տղամարդու ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության ու ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու սկզբունքների հիմքով։ Այս գործընթացում նաև հաշվի է առնվում ամուսինների բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների ու շահերի առաջնային պաշտպանությունը։
Ամուսնության դադարումն ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի
Ընտանիքի Օրենսգիրքը սահմանում է երեք հիմնական դրույթներ՝ բնութագրող ամուսնության դադարեցումը։
1․ Ամուսնությունը դադարում է, երբ ամուսիններից մեկը մահացել է կամ դատարանը նրան ճանաչել է մահացած։
2 Ամուսնությունը դադարում է ամուսնալուծության միջոցով, երբ ամուսինները կամ նրանցից մեկը դատարան են ներկայացնում դիմում։ Այս դեպքում նաև գործում է դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի կողմից ներկայացված դիմումը։
3․ Կնոջ հղիության ընթացքում ամուսինն իրավունք չունի դատարան ներկայացնել ամուսնալության դիմում՝ առանց կնոջ համաձայնության։
Ամուսնալուծության կարգն ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի
Հայաստանում ամուսնություն և ամուսնալուծություն իրականացվում են քաղաքացիական ակտերի պետական գրանցում իրականացվող մարմիններում՝ ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքում նախատեսված դեպքերի և օրենսդրությամբ սահմանված կարգով, ներառյալ՝ դատական կարգով։
Ծագող վեճերի քննարկման կարգը
Ամուսնալուծության ընթացքում ամուսինները կարող են համաձայնություն ներկայացնել երեխաների կամ անաշխատունակ համարվող ամուսնու խնամակալության միջոցները հոգալու, այդ միջոցների չափերի ու ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։ Եթե բացակայում է նման համաձայնություն, ապա դատարանը կարող է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում մոտ կապրեն երեխաները; որ ծնողից և ինչ չափով կբռնագանձվի ալիմենտ, կատարել ամուսինների կամ նրանցից մեկի պահանջով՝ նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը; ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։ Դատարանը նաև կարող է առանձին վարույթ սահմանել այն դեպքերում, երբ գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը։
Ամուսնալուծության դադարման պահը
Ամուսնալուծությունը դադարեցված է համարվում՝ այն պետական գրանցում իրականացնող մարմիններում կամ դատարանում լուծարելու պահից։ Առանց ամուսնալուծության վկայականի առկայության չի կատարվում ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնության պետական գրանցում։
Այսպիսով, ամուսնությունը և ամուսնալուծությունն իրավական գործընթացներ են և դրանցից յուրաքանչյուրն ուժի մեջ է մտնում դատարանում կամ պետական գրանցում իրականացնող մարմիններում հաստատելուց հետո։