ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, ինչպես նաև դատական կարգով: Երեխաների դաստիարակության հարցերը և ընտանեկան կյանքի մյուս հարցերը ամուսինները լուծում են համատեղ: Սակայն, կախված տարբեր հանգամանքներից, ամուսնալուծությունից հետո տվյալ իրավունքները կարող են ենթարկվել վերանայման և փոփոխության։
2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երեխայի իրավունքների պաշտպանության մասով ՀՀ Սահմանադրությունը կատարեց երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրման միջազգային ժամանակակից միտումներին և ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային համահունչ կարևոր առաջընթաց քայլ:
Սահմանադրության 37-րդ հոդվածում անդրադարձ կատարվեց երեխայի հիմնական իրավունքների մասին։ Այս հոդվածի կառուցվածքի ու բովանդակության հիմք է հանդիսացել ԵՄ Հիմնական իրավունքների մասին խարտիայի 24-րդ հոդվածը, որն էլ իր հերթին հիմնականում հիմնվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի (երեխայի լավագույն շահ), 9-րդ (ծնողների հետ կանոնավոր փոխհարաբերություններ ունենալու իրավունք), 12-րդ և 13-րդ հոդվածների վրա (կարծիքի ազատ արտահայտումը և այն հաշվի առնելը)։
Իրավունքների սահմանադրական ամրագրում
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին։
Երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրումը նոր միտում է, որը ելնում է այն մոտեցումից, որ երեխան ոչ միայն պաշտպանության օբյեկտ է, այլև իրավունքների կրող և իրեն վերաբերվող հարցերում որոշումներ կայացնելուն մասնակից։
Այսպիսով, երեխան իրավունք ունի կարծիք արտահայտել իրեն վերաբերվող հարցերում, իսկ Սահմանադրության 37-րդ հոդվածի առաջին մասի հիմքում ընկած է երեխայի տարիքի հետ զարգացող ինքնուրույնությունը խթանող իրավական գաղափարը։
«Երեխայի լավագույն շահը»
37-րդ հոդվածի երկրորդ կետի հիմքում ընկած է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածում տեղ գտած «երեխայի լավագույն շահի» սկզբունքը: Այն նաև արտացոլվում է 37-րդ հոդվածի 3-րդ մասում որպես չափանիշ՝ ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու երեխայի իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելու համար:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Սահմանադրության 37-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսել է հատուկ հիմք, որի համաձայն իրավունքներն առաջին հերթին կրում են պաշտպանիչ հատկություն։
Այս հոդվածով նախատեսված իրավունքները նախ և առաջ պաշտպանիչ դեր ունեն։ Բայց միևնույն ժամանակ դրանք, նկատի ունենալով այս իրավունքների վերացական բնույթը, ունեն որոշակի մեխանիզմների կարիք և դրանով պայմանավորված՝ առաջացնում են պետության պոզիտիվ պարտականություններ հատկապես օրենսդրական կարգավորման բնագավառում։
Երեխայի իրավունքների հետ կապված հարցերում «երեխայի լավագույն շահը» սահմանադրական մակարդակով կարգավորված է միայն մի քանի երկրներում։ «Երեխայի լավագույն շահ» հասկացությանը սահմանադրաիրավական կարգավիճակ հաղորդելը խոսում է այս սկզբունքի և դրա հիմքում ընկած իրավունքի՝ օրենքներում ու պրակտիկայում տարածական կերպով կիրառելու նպատակի առկայության մասին։
Սահմանադրական կարգավորումներին հետևելով՝ «երեխայի լավագույն շահը» պաշտպանելու նպատակով օրենսդիրը պարտավորեցրել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր գործողությունները՝ գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով։
Երեխայի լավագույն շահերի հասկացությունը
«Երեխայի լավագույն շահը» դինամիկ, բարդ, ընդգրկուն հասկացություն է, որը հնարավոր չէ սահմանել վերացականորեն և օբյեկտիվ կերպով։
Այն պետք է որոշվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ իրավիճակի, անձնական համատեքստի և երեխայի կարիքների հաշվառմամբ։
Ամուսնալուծություն և երեխա․ Դատական գործընթաց
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված «երեխաների շահերից» արտահայտությունը, որոշել է, որ ծնողների ամուսնալուծության դեպքում երեխայի բնակվելու վայրի վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում դատարանների համար գերակա պայման պետք է հանդիսանա «երեխայի լավագույն շահը» և եթե երեխայի կարծիքը չի համընկնում երեխայի շահերի հետ, ապա դատարանը պարտավոր է առաջնորդվել երեխայի շահերով։
Սահմանադրական դատարանը համադրել է երեխայի կարևորագույն իրավունքն ու շահը, այն է՝ կարծիք հայտնելու իրավունքը և երեխայի շահը, և արդյունքում եզրահանգել է, որ բոլոր դեպքերում որպես գերակա պայման պետք է հանդիսանա երեխայի լավագույն շահը։
Դատական գործընթացի ժամկետները
Ըստ այդմ դատարանների առաջ դրվել է լրացուցիչ պահանջ պարզել, թե որ ծնողի մոտ գտնվելը կբխի երեխայի լավագույն շահից, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ գործով հայցվորը։ Ամրագրվել է մոտեցում, համաձայն որի՝ երեխայի խնամքի հարցի լուծման հապաղումը չի բխում երեխայի լավագույն շահերից։
Այսպիսով Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ երեխայի խնամքի հարցերով դատական քննությունը պիտի անցկացվի հնարավորինս կարճ ժամկետներում։
Ծնողների տեսակցությունը
Մեկ այլ նախադեպային որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ երեխայից առանձին բնակվող ծնողի ծնողական իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև տվյալ ծնողին առնչվող ուշադրության արժանի հանգամանքները, եթե դրանք հաշվի առնելը չի հակասում երեխայի լավագույն շահերին:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրմանը. շաբաթվա հանգստյան օրերին երեխայի`միայն իրենից առանձին ապրող ծնողի հետ տեսակցության կարգի սահմանումը բխու՞մ է արդյոք երեխայի լավագույն շահերից:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բոլոր հանգստյան օրերին երեխայի գտնվելը մոր մոտ, իսկ աշխատանքային օրերին` միայն հոր մոտ, առերևույթ չի բխում երեխայի լավագույն շահերից, քանի որ երեխայի հոգեկան, հոգևոր ու ֆիզիկական առողջ զարգացման համար անհրաժեշտ է, որ վերջինս հանգստյան օրերին բացառապես չգտնվի ծնողներից մեկի մոտ` մշտապես զրկված լինելով մյուս ծնողի ներկայությունից: Այս առումով Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ ինչպես երեխան, այնպես էլ նրանից առանձին ապրող ծնողն ունեն միմյանց հետ արդյունավետ շփվելու իրավունք, սակայն ծնողի այդ իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ դրա իրականացումը հակասում է երեխայի լավագույն շահերին:
Ակնհայտ է, որ նշված նախադեպով Վճռաբեկ դատարանն ընդգծել է «ծնողական իրավունքների արդյունավետ իրացման» և «երեխայի լավագույն շահերը» իրավունքների արդյունավետ համադրման անհրաժեշտությունը, որը ենթադրում է, որ այդ համատեքստում պետք է առաջնությունը տալ երեխայի լավագույն շահերին՝ պահպանելով հավասարկշռված մոտեցում և չոտնահարելով կամ անհարկի չսահմանափակելով ծնողների երեխայի հետ շփվելու հավասար իրավունքները։
Տեսակցության վայրը
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ երեխայի տեսակցությունը միշտ չէ, որ պետք է լինի մոր տանը կամ վերջինիս ներկայությամբ, քանի որ նման մոտեցումը կարող է անհարկի սահմանափակել հոր ծնողական իրավունքները և չբխել երեխայի լավագույն շահերից, մինչդեռ հենց երեխայի լավագույն շահերից է բխում ծնողների հետ արդյունավետ տեսակցելու հնարավորության ապահովումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.
- երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,
- երեխայի տարիքը,
- ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,
- ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,
- երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):
Վճռաբեկ դատարանի այդ մոտեցումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական չափանիշներից։ Ամուսնալուծության դեպքում օրենքի առաջնային նպատակը երեխայի լավագույն շահերի իրագործումն ու պահպանումն է։
Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր մանրամասները՝ ամուսնալուծության գործընթացը կարող է լինել բարդ և ժամանակատար։
Legitimus Փաստաբանական Ընկերությունը պատրաստ է ձեզ օգնելու և առաջնորդելու՝ սկսած իրավաբանական խորհրդատվությունից մինչև ապահարզանի դիմումն ու դատական կարգով ամուսնալուծությունը։
Վստահե՛ք երեխայի շահերը մասնագետին։