Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծության գործընթացն անցկացվում է ըստ հատուկ կանոնների և պարտականությունների՝ մշակված ՀՀ ընտանեկան օրենսգրքով։
Գործընթացը սահուն անցկացնելու համար անհրաժեշտ է հասկանալ այս կանոններն ու պարտականությունները, ինչպես նաև այլ մանրամասներ, ուղղված ամուսնալուծութան գործընթացի իրականացմանը։
Ի՞նչ է ընտանեկան օրենսգիրքը
Ընտանեկան իրավունքը ներառում է ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ իրավական հարցերի լայն շրջանակ, ինչը նաև ներառում է զույգերի ամուսնալուծությունը։
Յուրաքանչյուր իրավասություն ներկայացնում է սեփական կանոնադրություններն ու կանոնակարգերը, որոնք սովորաբար կոչվում են ընտանեկան օրենսգիրք։ Այս օրենքները ներառում և պարզաբանում են ամուսնությունը դադարեցնելու դեպքում անհատների ընթացակարգերը, իրավունքներն ու պարտականությունները։
Ընտանեկան իրավունք և հիմնական գործոններ
Ամուսնալուծության դեպքում իրավական դաշտը բազմակողմանի է և ներառում է տարբեր հիմնական բաղադրիչներ, որոնք ձևավորում են ամուսնական միությունների լուծարումը: Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգիրքը սահմանում է հստակ կանոնակարգ՝ ուղղված ամուսնալուծության գործընթացի իրականացմանը, դրանք են․
Այն հիմքերը, որոնք դրդում են ամուսնալուծության
Որոշ իրավասություններ ընդունում են ինչպես մեղքի վրա հիմնված, այնպես էլ առանց մեղքի հիման վրա ամուսնալուծության հայտերը։ Մեղքի վրա հիմնված հայտերը կարող են ներառել դաժանություն, լքվածություն կամ թմրանյութերի չարաշահում, մինչդեռ առանց մեղքի վրա հիմնված հայտերը սովորաբար ներառում են անհաշտելի տարբերություններ կամ ամուսնության անդառնալի խզում:
Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծվող երկու կողմերն էլ ունեն հավասար իրավունքներ։ Իսկ գլխավոր հիմքերն են հետևյալ կետերը․
- Ամուսնության դադարումը՝ հիմք ընդունելով ամուսիններից մեկի մահը, որը պիտի ճանաչված լինի դատարանի կողմից։
- Ամուսնալուծությունն ըստ ամուսիններից մեկի կողմից ներկայացված դիմումի, կամ ըստ դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի։
Գոյություն ունի ևս մեկ հիմք, որը վերաբերում է ամուսինների ամուսնալուծության գործընթացի դադարեցմանը կամ հայտի մերժմանը․ եթե ամուսինն այն ներկայացնում է առանց կնոջ համաձայնության՝ նրա հղիության ընթացքում։
Այս գործընթացները նախատեսված են դատական կարգով ամուսնալուծություն իրականացնելու նպատակով։ Դրանց հետևում է հոդված 14-ը՝ ամուսնալուծության կարգը, ըստ որի, յուրաքանչյուր ամուսնալուծություն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ըստ օրենսդրության կամ դատական կարգի։
Ամուսնալուծությունը պետական գրանցում իրականացնող մարմիններում
Ըստ ՀՀ օրենսգրքի, ամուսնալուծությունն իրականացվում է պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե երկու կողմերն էլ տալիս են ամուսնալուծվելու համաձայնություն։
Գոյություն ունեն ևս երկու կետեր, որոնք իրավունք են տալիս ամուսիններին ամուսնալուծվել պետական գրանցում իրականացնող մարմիններում։ Ըստ դիմումի ամուսնալուծությունն իրականացվում է, եթե ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ, կամ ենթարկվել է ազատազրկման՝ երեք տարուց ավել ժամկետով։
Հաջորդ կետը վերաբերում է ամուսինների ընդհանուր գույքի բաժանմանը և երեխաների կացությանը։ Այս դեպքում, առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով՝ ըստ օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման կարգի։
Ամուսնալուծության գործընթացն ըստ դատական կարգի
Ամուսնածությունը նաև կարող է անցկացվել դատական կարգով։ Այս դեպքում նույնպես, գոյություն ունեն հատուկ հիմքեր, որոնք սահմանում են դատական կարգով ամուսնալուծվելու պատճառները։
Ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի, դատական կարգով են ամուսնալուծվում, եթե բացակայում է ամուսիններից մեկի գրավոր համաձայնությունը, կամ, եթե ամուսինները փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով։
Դատական գործընթացի ողջ ընթացքում կարևոր է պահպանել դատարանի կողմից ներկայացված վերջնաժամկետները, մասնակցել նախատեսված նիստերին և կատարել դատարանի որոշումները:
Դատարանն իրավունք ունի ձեռնարկել միջոցներ՝ ամուսիններին հաշտեցնելու նպատակով, ինչպես նաև հետաձգել գործի քննությունը և ամուսիններին տրամադրել մինչև երեքամսյա ժամկետ՝ հայտը վերանայելու և հաշտվելու նպատակով։
Եթե ամուսինները որոշում են շարունակել ամուսնալուծության գործընթացը, ապա դատարանը լուծում է ամուսնությունը՝ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայությամբ։
Ձեր իրավունքներն ու պարտականությունները
Որպես ամուսնալուծության կողմերից մեկը, դուք ունեք ինչպես իրավունքներ, այպես էլ պարտականություններ։ Դրանք ներառում են․
- Իրավական ներկայացուցչության իրավունք․ Դուք իրավունք ունեք դիմել մասնագետի, այս դեպքում՝ փաստաբանի օգնությանը, ով դատարանում կներկայացնի ձեզ և կպաշտպանի ձեր իրավունքներն ու շահերը։ Բացի այդ, ընտանեկան փաստաբանը ձեզ կուղղորդի ամբողջ գործընթացում, ձեզ կտեղեկացնի ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև կպաշտպանի ձեր շահերը՝ դատական բանակցությունների ընթացքում։
- Գույքը հավասար կիսելու իրավունք․ Դուք իրավունք ունեք ստանալու ձեր ընդհանուր գույքի և պարտքի հավասար կեսը։ Սա իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսական ճշտգրիտ տեղեկատվություն, ինչպես նաև անցկացնել բանակցություն՝ ձեր ամուսնու կամ կնոջ, կամ նրա օրինական ներկայացուցչի հետ։
- Ֆինանսական ամբողջական կարգավիճակը ներկյացնելու պարտականություն․ Ամուսնալուծության գործընթացը շարունակելու համար ամուսինները պետք է ներկայացնեն ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ ճշտգրիտ տեղեկատվություն։ Ակտիվների կամ ունեցվածքի թաքցման կամ ոչ ամբողջական ներկայացման դեպքում ամուսնալուծության գործընթացը կարող է բախվել խնդիրների և վերածվել բարդ գործընթացի։
- Երեխաների շահերին առաջնահերթություն տալու պարտականություն․ Եթե ամուսնալուծության գործընթացում ներառված են նաև երեխաներ, ապա ամուսնալուծվող կողմերը պիտի առաջնահերթություն տան երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը։ Սա կարող է ներառել ծնողների համագործակցությունը՝ երեխաների դաստիարակության և խնամակալության գործընթացում։
- Արդար և անաչառ ամուսնալուծության գործընթացի իրավունք․ Դուք ունեք իրավունք մասնակցել արդար կարգով անցկացվող դատական գործընթացին։ Սա նաև ներառում է իրավունք՝ ներկայացնել ապացույցներ, վիճարկել փաստարկներ, և, անհրաժեշտության դեպքում, գտնել լուծում միջնորդության կամ դատավարության միջոցով:
Այս իրավունքներն ու պարտականությունները նախատեսված են ամուսնալուծության գործընթացն արդյունավետ և արդար կերպով անցկացնելու համար, որի ընթացքում չեն խախտվի կողմերից որևէ մեկի իրավունքները։
Ամփոփում
Ամուսնալուծության հայտ լրացնելիս, ինչպես նաև այլ իրավական գործընթաց սկսելիս անհրաժեշտ է իմանալ սեփական իրավունքներն ու պարտականությունները։ Այդ կերպ դուք կկարողանաք պաշտպանել ձեր սեփական իրավունքները և մասնակցել գործընթացին՝ պատշաճ կերպով հետևելով ձեր պարտականություններին։
Այս դեպքում ձեզ կարող է օգնել մասնագիտացված խորհրդատվությունը, ինչպես նաև ուղղորդումը, ինչը ստանալու համար կարող եք դիմել փաստաբանական գրասենյակ։