2005թ-ի ապրիլի 19-ին ուժի մեջ մտած նոր Ընտանեկան օրենսգիրքը նախատեսեց ամուսնական պայմանագիրը՝ որպես ընտանեկան իրավունքի նոր ինստիտուտ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրն ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։
Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։ Եթե ամուսինները ցանկանում են կնքել ամուսնական պայմանագիր, ապա նրանք համատեղ պետք է ներկայանան նոտարական գրասենյակ, քանի որ ամուսնական պայմանագրի նոտարական վավերացումը պարտադիր է: Եթե ամուսինները կորոշեն փոփոխել կամ ընդհանրապես լուծել արդեն կնքված ամուսնական պայմանագիրը, ապա դա պետք է անել նույն կարգով, ինչ ամուսնական պայմանագրի դեպքում՝ գրավոր, նոտարական վավերացմամբ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն
Հարկ է նշել, որ ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով: Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։
Կարդացեք նաև՝ Ամուսնալուծության ընթացակարգը: