Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակը իրավաբանական անձ ձևավորելու միջոցով իրականացվող գործունեությունն է։
Ըստ օրենքի քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր։
Ցանկացած գործունակ անձ ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ։ Ըստ օրենքի անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
ՍՊԸ։ Ո՞ր ընկերություններն են համարվում սահմանափակ պատասխանատվության։
Ըստ օրենքի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության վնասների ռիսկը:
Օրենքը հստակ սահմանում է, որ Սահմանափակ պատասխանատվության ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը։ Գերազանցելու դեպքում Ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի։
Ո՞րն է համարվում բաժնետիրական ընկերություն։
ՀՀ օրենսդրության համաձայն բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի:
Բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև, համարվում է փակ բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:
Ընտանեկան ձեռնարկատիրություն։
Ըստ Օրենքի ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը։ Ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը: Առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների միջոցով:
Ինչպե՞ս գրանցել ԱՁ/ՍՊԸ/ՓԲԸ առցանց։
Իրավաբանական անձանց պետական գրանցումը իրականացնում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով:
Այն պարագայում եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն ապա գրանցումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ/առցանց/՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով: