Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է հիմք բոլոր տեսակի բիզնեսների, փակ բաժնետիրական, բաց բաժնետիրական, հասարակական և այլ կազմակերպությունների համար։ Յուրաքանչյուր անձ, որը ցանկանում է սկսել ինչ-որ գործունեություն ըստ օրենքի գրանցում է իր գործունեությունը կամ գրանցվում որպես անհատ ձեռնարկատեր։
Յուրաքանչյուր բիզնեսի և հաջողության հիմքում ընկած է դրա ճիշտ պլանավորումը և կազմակերպումը, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։ Երբեմն գոյանում են չհասկացված լինելու դեպքեր, որոնք հիմք են հանդիսանում կորպորատիվ վեճերի։
Այսպիսով, կորպորատիվ ընթացակարգերն ու պահանջները չպահպանելը, կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ինչպես ընկերության ընդհանուր գործունեության, այնպես էլ ղեկավար անձնակազմի և բաժնետերերի/մասնակիցների համար:
Որո՞նք են կորպորատիվ վեճերը
ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է իրավաբանական անձի ստեղծման, կառավարման և իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության հետ կապված իրավահարաբերություններից բխող վեճերը (այսուհետ՝ կորպորատիվ վեճեր), այդ թվում՝
- իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված վեճերը.
- բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի պատկանելության, դրանց նկատմամբ սահմանափակումների և այդ սահմանափակումներից բխող իրավունքների իրականացման հետ կապված վեճերը, ներառյալ՝ բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի կապակցությամբ կնքված գործարքներից բխող, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և (կամ) անվավերության հետևանքները կիրառելու, բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի վրա բռնագանձում տարածելու հետ կապված վեճերը, բացառությամբ բաժնետոմսեր, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասեր, կոոպերատիվի անդամի փայեր ներառող ժառանգությունը կամ ամուսինների ընդհանուր սեփականությունը բաժանելու հետ կապված վեճերի.
- իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների կամ անդամների՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջների հետ կապված վեճերը.
- իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների ձևավորման կամ դրանց կազմում ընդգրկված անձանց նշանակելու (ընտրելու), այդ անձանց լիազորությունները դադարեցնելու, կասեցնելու, իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված կամ նախկինում ընդգրկված անձանց պատասխանատվության հետ կապված վեճերը.
- արժեթղթերի թողարկման, ներառյալ՝ թողարկողի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության և արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում կնքված գործարքները վիճարկելու հետ կապված վեճերը.
- արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունից բխող այն վեճերը, որոնք կապված են բաժնետոմսերի և այլ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման (գրանցման), ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) շրջանառության կապակցությամբ օրենքով նախատեսված այլ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ.
- իրավաբանական անձի մասնակիցների ընդհանուր ժողովի գումարման հետ կապված վեճերը.
- իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության հետ կապված վեճերը.
- իրավաբանական անձի մասնակցի (անդամի)՝ իրավաբանական անձից դուրս գալու և հեռացնելու հետ կապված վեճերը.
- իրավաբանական անձի մասնակցի (անդամի)՝ օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ կապված վեճերը:
Կորպորատիվ վեճերի լուծումը
Կորպորատիվ վեճերի լուծումը կարող է կատարվել հաշտարարի օգնությամբ։
Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
Հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները գաղտնի են և կարող են հրապարակվել կողմերի գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով և կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:
Յուրաքանչյուր կորպորատիվ վեճի դեպքում պետք է գտնել իրավաբանական օգնություն։ Այն կօգնի արագ և հեշտ կողմնորոշվել և գործել։